Սպորտ 2 տարի առաջ - 16:23 05-05-2024

Հիշատակդ միշտ վա՛ռ, սիրելի Դավիթ․ ֆուտբոլային ընտանիքը սգում է Դավիթ Մարտիրոսյանի մահը

Ապրիլի 29-ին կյանքից անժամանակ հեռացավ սպորտային լրագրող, ֆուտբոլային գործիչ Դավիթ Մարտիրոսյանը։

Ընդամենը 27 տարեկանում Դավիթը մեծ հորիզոններ էր նվաճել՝ «Միկայում», «Գանձասար-Կապանում», «Ուրարտուում» և «Փյունիկում» իր նվիրված աշխատանքով։ Նա անսահման սիրում էր հայկական ֆուտբոլը, որին նվիրել է իր լավագույն տարիները։ Ափսոս միայն, որ այն դադարեց իր ընթացքը,,,

Իր վերջին աշխատավայրը «Փյունիկն» էր, որի գլխավոր քարտուղարի պաշտոնը Դավիթը զբաղեցրել էր տարեսկզբին։

«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթի։


Հաղթական խաղից հետո «Փյունիկի» պաշտոնական էջը գրառում կատարեց․ «Հաղթանակը նվիրվում է Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին»։

«Ուրարտու» ՖԱ-ում Դավիթն իր աշխատանքը սկսել է որպես մամուլի քարտուղար, ապա նշանակվել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Հայաստանի գործող չեմպիոնի ֆուտբոլիստները «Շիրակի» հետ հանդիպմանը դուրս եկան Դավիթի պատկերով շապիկներով։



«Հիշատակդ միշտ վառ, մեր սիրելի Դավիթ։ «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով՝ որպես հարգանքի ու շնորհակալության դրսևորում»։

«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպումը նույնպես մեկնարկեց հիշատակի լռության րոպեով։