Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:58 03-05-2024

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։

Այցը ՀՀ տեղի է ունենում 2023թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։

ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։

Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:

Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։

Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։

Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան