Ներքին 2 տարի առաջ - 09:27 01-05-2024

Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք:

Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ:

Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա:

Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք:

Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են:

Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային:

Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն:

Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա:

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:

Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի