Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:40 30-04-2024

Փաշինյանը շշով և բաժակով ցույց է տալիս մի բան, որ իր ղեկավարման օրոք անհնար է ապահովել

Տևական ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը չորրորդ տեսանյութն է հրապարակել, այս անգամ խոսելով «իրավունքի, իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության» մասին։

«Ժողովրդապետությունն այն է, որ ժողովուրդն ինքն է որոշում, թե որն է իր իրավունքները և որը՝ պարտականությունները», խոսում է «ժողվարչապետը» գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով ապահովված շքեղ մի առանձնասենյակից, որն, ի դեպ, միայն իրեն է բաժին հասել «3 միլիոն վարչապետից»։
«Շատ կարևոր է, որպեսզի լինի պատկերացում, թե այդ իրավունքները և պարտականությունները ինչ տարածքի վրա են գործում», նշում է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «պետականությունը առանց կոնկրետ տարածքի՝ լղոզվում է։

«Իրավունքների և պարտականությունների կիրառելիությունը ուղիղ կապ ունի տարածքի կոնկրետության և տարածքային ամբողջականության հետ», դոգմատիկ իր «ճշմարտությունը» ապացուցելու համար Փաշինյանը դիմում է, իր իսկ խոսքով, արտառոց օրինակի․ ջրով լի շշից նա բաժակում ջուր է լցնում և խմում՝ ցույց տալով, որ կա կոնկրետ տարածություն, որտեղ այդպիսով իրացվում են իրավունք-պարտականությունները։

Այնուհետև շշի ջրի մնացորդը նա թափում է գրասեղանի վրա և ցույց տալիս, որ իրավունքների ու պարտականությունների չկանոնակարգված իրացումն ի չիք է դարձնում դրանք։

Դրանից հետո նա կրկնում և ամփոփում է՝ պետականության, ինքնիշխանության և իրավունք-պարտականությունների համար կոնկրետ տարածք է պետք, այլապես այդ արժեքներն անկենսունակ կամ սակավ կենսունակ են դառնում։

Մի բան, սակայն, Փաշինյանը չի ասում․ որ կարելի էր «ժողովրդապետության» շահերից ելնել ու այդ հիմնարար պետականաստեղծ արժեքներն իրացնել ոչ թե եղած տարածությունը «ճշգրտելով» ըստ հակառակորդ երկրի թելադրանքի, այլ ըստ սեփական ժողովրդի կենսունակության ապահովման։

Այսպես, եթե մենք, ըստ Փաշինյանի, աշխարհի ամենականոնավոր ժողովուրդը պիտի դառնանք ու աչք չդնենք ուրիշի ունեցվածքի՝ հողերի, հարստությունների վրա, ուրեմն ո՞վ է մեր այդ վեհ ձգտումը գնահատելու։

Հայաստանն ունի 4 հարևան պետություն․ դրանցից առնվազն երկուսը՝ Ադրբեջանը և Թուրքիան, անթաքույց հայատյացության քաղաքականությամբ ձգտում են ոչնչացնել «իրական» Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ, «սահմանազատում» կոչվող պրոցեսը կարելի չէ՞ր կատարել Հայաստանի համար որևէ այլ՝ քիչ թե շատ նպաստավոր քարտեզներով, այլ ոչ թե Ալմաթիի հռչակագրով։ Անգամ այդ փաստաթղթով միութենական հանրապետություններ հանդիսացող Ադրբեջան-Հայաստան վարչական սահմանների մի շարք հատվածներ գրեթե 3 տարի է, որ խախտված են և օկուպացված Ադրբեջանի կողմից։ Ո՞վ է երախավորում, թե Փաշինյանի նշած կոնկրետ տարածությունը, որտեղ նա մտադիր է ապահովել իր ժողովրդի իրավունքների և պարտականությունների կիրառումը, կվերականգնվի։ Ո՛չ ոք։ Տարածքը զավթած երկրի ղեկավարն է հայտարարել՝ նա չի պատրաստվում հրաման տալ իր զորքերին՝ ետ քաշվել ներխուժած տեղերից։ Ուրեմն ո՞րն է Փաշինյանի հայտարարած «կանոնների» գործնական իմաստը։ Կանոններ՝ ու՞մ և ի՞նչ ցույց տալու համար։
Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանի նկատմամբ՝ Փաշինյանի «հանճարեղ» մտքերի ուղիղ բացասումն է։ Նրա «կիրթ-կառուցողական» գործընկերը հայերի համար ի՛ր կանոններն ունի, որոնք պարտադրել է պաշտոնական Երևանին։ Եվ տիկտոկյան, կամ ֆեյսբուքյան շաղակրատանքն այստեղ միայն ծխածածկույթի նշանակություն ունի։

Տիգրան Աթանեսյան


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ