Երևան +14°
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 17:38 28-04-2024

Ինչո՞վ է պետությունը մխիթարում իր քաղաքացուն․ «յուրաքանչյուր թեյնիկից» Փաշինյանի ձայնն է հնչում

Հայաստանը եռում է․ տարբեր վայրերում, տարբեր ուժգնությամբ, տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ՝ ընդդեմ երկրի հողերը հանձնելու իշխանական ծրագրի։

Ցույցերն անցկացվում են ապակենտրոնացված, տարերայնորեն։ Իշխանությունը դրությունը կառավարելու հարցում առայժմ ունի առավելություններ, որոնք հիմնականում կիրառում է ոստիկանական բիրտ ուժի տեսքով։
Քաղաքական երկխոսություն չկա։

Փաշինյանն իր հնարած «քաղաքացու օրը» գնացել է Գավառ քաղաք, այնտեղ հանդես եկել ելույթներով, որոնք անվանել է դասախոսություններ։ Խոսել է երկար-բարակ, մի շարք ուղղությունների մասին արել կասկածելի դատողություններ։ Այնուհետև շրջել է քաղաքի կենտրոնական մասերով՝ բնականաբար, թիկնազորի ամուր շղթայի մեջ, խոսել մի քանի քաղաքացու հետ․․․ Դրանից հետո Փաշինյանը վերադարձել է կառավարական կեցավայր։

Փաստորեն, պետության կողմից իր բողոքավոր քաղաքացիներին խոսակցության հրավիրելու՝ առայսօր ձեռնարկված միջոցները հա՛ տապալվում են․․․ Որովհետև, անգամ Փաշինյանի կուսակցության ընտրողների զգալի մասն այսօր չի հավատում իր երբեմնի լիդերին։ Եվ հանուն ինչի՞ հավատա․ մարդկանց համար ի՞նչ է ավելացրել իշխանության ղեկն իր ձեռքը վերցրած Փաշինյանը։ Միայն խնդիրնե՞ր։

Ո՞րն է այն «կառչելու տեղը», որը որպես կռվան կարող է ցուցադրել Նիկոլ Փաշինյանը։ Նրա կողմից ելույթների պակասություն մենք չունենք․ «յուրաքանչյուր թեյնիկից» Փաշինյանի ձայնն է հնչում․․․ Նա իր խոսքը երկրին հասցնելու պրոբլեմ չունի, և հասցնում է օրական քանիցս։ Բայց բողոքները չեն դադարում, քանի որ դրանք բողոքներ չեն՝ հանուն բողոքի։ Դրանք կոնկրետ մարդկանց կոնկրետ կենցաղին վերաբերող հարցերի ամբողջություն են, որ դարձել են համընդհանուրի հարցեր։

Այսօր Տավուշն է «սահմանազատվում»՝ տավուշցիներից խլելով ոչ միայն հողեր, այլև զրկելով արժանապատվությունից։ Եվ մենք գիտենք, որ վաղը պրոցեսի ծանրության կենտրոնը կտեղափոխվի Գեղարքունիք, ապա՝ Լոռի, Արարատ, Սյունիք․․․

Ինչո՞վ է իշխանությունը մխիթարում իր քաղաքացուն․ մտացածին «խաղաղությամբ», որի հավանականությունն այնքան է փոքր, որ հազարավոր զոհեր տված ազգը՝ պատերազմ սկսելու հեռանկարից սարսափահար լինելով հանդերձ, միևնույն է՝ այդ գնով խաղաղություն չի ուզում, քանի որ գիտի՝ չի կարող լինել խաղաղություն թելադրողի և թելադրվողի միջև։

Իշխանությունն, այսպիսով, խնդիր ունի ընկճելու սեփական ժողովրդին՝ փորձելով հաստատելու դրսից պարտադրվող «խաղաղություն»։

Մնում է, որ ժողովուրդը հետևողական լինի իր շահերն օտարի սպասավոր դարձած սեփական իշխանությունից պաշտպանելու գործում։

Տիգրան Աթանեսյան