Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:32 26-04-2024

Ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները․ Արսեն Թավադյան

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները: Դրանց բովանդակությունը շատ միանման է, և պարունակում է բազմաթիվ պրոպագանդիստական հնարքներ: Ընդ որում այդ հնարքները շատ ցածրորակ են: Մի քանի օրինակ.

1. Բաժանում սև և սպիտակի: «Եթե հողերը չհանձնենք, պատերազմ կսկսի: Բողոքողները ոչմիթիզական ծայրահեղականներ են»:
Ի սկզբանե նշվում է, որ կա երկու կարծիք` ոչմիթիզականներ, որոնք ուզում են Կասպից ծով հասնել, և դե «ռացիոնալներ», որոնք ուզում են հանձնել: Ռացիոնալ է միայն հանձնելը:

Կարծիքների մնացած ամբողջ սպեկտրը, որը նորմալ բանակցելու, միջնորդներ ներգրավելու, տարածքաշրջանի հզոր խաղացողների հետ կոմպրոմիս գտնելու, իրավական հիմք դնելու մեջ է, ուղղակի անտեսվում է:

2. Ֆրեյմինգ: «Այս իռացիոնալ ոչմիթիզականները ոչինչ չեն հասկանում: Այ խելացի մարդը պետք է ռացիոնալ լինի, հույզերը մի կողմ դնի և հողերը հանձնի»:

Միանգամից տրվում է գնահատական` դե կա ռացիոնալ մոտեցում` հողերը հանձնել հենց այն ձևով, ինչ անում է իշխանությունը, և իռացիոնալը: Չի նշվում որևէ հիմնավորում, թե ինչու է հող հանձնելը այս ձևով ռացիոնալ:

3. Հույզերի գերակայում փաստերի նկատմամբ: «Այս մարդիկ ուզում են մեզ պատերազմի մեջ ներքաշել, կործանել, հինգերորդ շարասյուն են»:

Օգտագործվում են շատ ուժեղ զգացական բառեր` «պատերազմ», «հինգերորդ շարասյուն», «կործանում»: Այս բառերը ոչ մի ձև հետագայում չեն պարզաբանվում: Ընդ որում, փաստերով խոսելու առաջարկին միշտ հետևում է զգացական պատասխան` օգտագործելով այլ հնարքներ` «դե դուք ուղղակի չեք հասկանում ինչ եք անում, կան բազմաթիվ այլ փաստեր, որոնք մենք չգիտենք»:
Ընդ որում հույզերի գերակայության կարևոր հատկանիշ է նաև անձանց քննարկումը, պիտակավորումը` հինգերորդ շարասյուն, ոչմիթիզական, գործակալ և այլն: Պրոպագանդան խուսափում է փաստեր քննարկելուց, բայց շատ է սիրում քննարկել անձանց:

4. Ենթադրությունը ներկայացնել որպես պնդում և հանգել եզրակացության: «Տեսեք` 2022թ.-ի սեպտեմբերին միջազգային հանրությունը կանգնեցրեց հարձակվողին, քանի որ Ադրբեջանը մտել էր Հայաստանի սուվերեն տարածք: Սահմանազատումից հետո էլ նույնը կլինի»:

Այն, որ 2022թ.-ի սեպտեմբերին միջազգային հանրությունը կանգնեցրեց Ադրբեջանին, ենթադրություն է, որը պետք է առանձին հիմնավորվի: Դա անելու փոխարեն, գրառումների հեղինակները ներկայացնում են այս ենթադրությունը որպես փաստ և դրա վրա կառուցում են եզրակացություններ:

5. Տրամաբանական աղճատումներ: «Միջազգային հանրությունը կկանգնեցնի Ադրբեջանին, եթե վերջինս հարձակվի ՀՀ սուվերեն տարածքի վրա»:

Որպես օրինակ կրկին բերվում են 2022թ.-ի սեպտեմբերի դեպքերը, որոնք, ինչպես նշվեց, միայն ենթադրություն են: Այնուամենայնիվ, այստեղ առկա է տրամաբանական աղճատում. այլ տրամաբանական մեթոդներ օգտագործելու դեպքում կարելի է հանգել հակառակ եզրակացության` նույնիսկ ճանաչված սահմանների առկայությունը չխանգարեց Ադրբեջանին հարձակվել:

6. Լոզունգների օգտագործում: «Միջազգային հանրությունը մեզ կօգնի. մեզ խանգարում է հինգերորդ շարասյունը»:

«Միջազգային հանրությունը» հեղհեղուկ, անորոշ հասկացություն է, որի տակ ամեն բան կարելի է հասկանալ: Սա ընդամենը լոզունգ է, որի նպատակը մարդկանց հույզերն օգտագործելն է` փաստերին և ստույգ տվյալներին հղում կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար:

Միջազգային հարաբերություններում օգնություն կարելի է ակնկալել, եթե առկա է հստակ պարտավորեցնող միջազգային փաստաթուղթ: Ընդ որում, նույնիսկ այդպիսի փաստաթղթի առկայությունը կարող է չօգնել: Այդպիսի փաստաթուղթ ցույց տալու փոխարեն, իշխանությունները լոզունգ են օգտագործում:

Նույնը վերաբերում է նաև «հինգերորդ շարասյուն» տերմինին, որը ոչինչ չի նշանակում, բայց, օգտագործելով հույզերը, պիտակավորում է հակառակ կարծիքը` կրկին խուսափելով փաստերի վերաբերյալ քննարկումից:

Եթե առկա է արտասահմանյան գործակալ, ներկայացրեք մեղադրական դատավճիռ կամ գոնե քրեական գործի ընթացքի վերաբերյալ տվյալներ կամ թեկուզ որևէ մեկ օպերատիվ տվյալ: Կրկին` լոզունգներ փաստերի փոխարեն»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել