Ներքին 2 տարի առաջ - 20:25 25-04-2024

Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ 21-օրյա լիակատար մեկուսացումից հետո: Այս մասին տեղեկացրին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

«Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ:
Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են: Դատական նիստն ի սկզբանե սպասվում էր հունվարին, սակայն առանց որևէ հիմնավորման հետաձգվել էր մինչև մայիս:

Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Ռուբեն Վարդանյանը շարունակում է Բաքվում գերության մեջ մնալ և նրա պահպման պայմանները շարունակում են վատթարանալ:
Հացադուլ սկսելուց հետո նրան զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից: Այսպիսով Ադրբեջանը ևս մեկ խախտում է ավելացրել միջազգային նորմերի խախտումների իր ցանկին։ Վարդանյանն այդ ընթացքում պահվել է լիակատար մեկուսացման մեջ՝ առանց առողջության համապատասխան խնամքի, բացառությամբ նրա, որ ժամանակ առ ժամանակ չափել է արյան ճնշումը։ Նրա առողջության իրական վիճակի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են պահպանվե»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հորս առողջության վատթարացող վիճակով, թեպետ ամենևին էլ զարմացած չենք նրա խիզախությամբ: Ցավոք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։ - Աշխարհն Ադրբեջանին ցույց տվեց, որ հետևում է հայ բանտարկյալների, այդ թվում՝ հորս ճակատագրին, և ես մեր ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս դժվար ժամանակահատվածում մեզ աջակցելու համար: Հուսով եմ, որ այս աճող միջազգային ուշադրությունը կհանգեցնի նրա և մյուս հայ գերիների ազատ արձակմանը մոտ ապագայում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը շարունակել ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ապահովելու համար առնվազն այն, որ մայիսին ի վերջո տեղի ունենա դատական նիստը՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ»:

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով և նրան պահում են ոչ պատշաճ պայմաններում: Ամեն ինչ տանում է նրան, որ Վարդանյանի դատաքննությունը հեռու է լինելու միջազգային ընդունված չափանիշներից և հասանելի չի լինելու միջազգային դիտորդներին: Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար կալանավորված է արդեն 200 օրից ավելի:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի