Երևան +12°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 22:00 24-04-2024

Թուրքական ցինիզմ․ Անկարան ոգեկոչում է «հայերի կողմից սպանված անմեղ թուրքերի» հիշատակը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Պաշտոնական Անկարան Հայոց ցեղասպանությունից 109 տարի անց հրաժարվում է ճանաչել այս իրողությունը՝ կտրականապես հերքելով այն։ Թուրքական պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ Առաջին համաշխարհային տարիներին առավել վտանգավոր շրջաններում բնակվող հայերը տեղահանվել են, գաղթի ճանապարհին նրանցից մի մասը տարբեր պատճառներով մահացել, կամ սպանվել է, սակայն դա կազմակերպված բնույթ չի կրել։

Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ այսօր պոլսահայությանն ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հերթական անգամ հերքելով, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է իրականացվել։ Վերջինս նշել է, թե իբր «Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ տարիներին Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներ են զոհվել, իսկ պատերազմի պատճառած ավերածությունները խոր հետքեր են թողել իրենց հիշողություններում»։

Թուրքիայի նախագահն իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ Արևմտյան Հայաստանի (օգտագործել է Անատոլիա տերմինը-խմբ․) տարածքներն իրենց մշակութային ու մարդկային գործերով հարստացած «հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունն այսօր էլ երաշխավորված են»։

«Մենք թույլ չենք տա, որ թեկուզ մեկ հայ քաղաքացի մարգինալացվի, դուրս մնա, իրեն երկրորդ կարգի զգա իր հայրենիքում։ Կարևոր է, որ պատմության իրադարձություններին անդրադառնանք մտքի, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղիք տալով արմատական դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության լեզվին: Կարեկցանքի հաստատումը, առանց տարանջատելու մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը։

Մենք հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից»,- ասված է ուղարձում։

Թուրքիայի նախագահին ավելի ուշ ձայնակցեց նաև այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը՝ խստորեն քննադատելով բոլոր այն երկրներին, որոնք «միտումնավոր կերպով խեղաթյուրում են 1915 թվականի իրադարձությունները՝ որոշ արմատական շրջանակների հաճոյանալու նպատակով»։ Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ «պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են»։

Հատկանշական է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման հայտարարություններն իբրև «վնասում են ոչ միայն երկու երկու երկրների միջև հաշտեցման ջանքերին, այլև խրախուսում են արմատական ​​խմբերին, որոնք հակված են ատելության հանցագործություններ կատարելու»: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին և Հայաստանի հետ նախաձեռնված կարգավորման գործընթացին»,- իր հայտարարությունն այսպես է եզրափակել Թուրքիայի ԱԳՆ-ն։

Առավել հակիրճ, սակայն անհամեմատ ավելի ցինիկ հայտարարություն է տարածել հարևան երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարություն իր հայտարարությունում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության ժամանակ «հայերի կողմից սպանված անմեղ ու անպաշտպան թուրքերի հիշատակը»։

Այսպիսով՝ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն շարունակում են հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, այլև արդեն հայերին են մեղադրում այդ տարիներին խաղաղ թուրք բնակչությանը «կոտորելու և սպանելու մեջ»։ Կարծում ենք, որ Թուրքիայի այս քաղաքականությունը, որն իրականում նոր չէ, և այդ երկիրն այն որդեգրել էր 2000-ականների սկզբից, նոր թափ է ստացել, քանի որ Հայաստանի իշխանությունները քայլ առ քայլ կատարում են Անկարայի բոլոր պահանջները ու հրաժարվում են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից։

Բազմիցս պնդել ենք, որ թուրքական նախապայմանների անվերապահ կատարումը ոչ միայն չի նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, այլև հանգեցնելու է նոր պահանջների առաջ քաշմանը։ Եթե Հայաստանը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ապա թուրքական կողմն ավելի մեծ թափով կփորձի առաջ մղել հայերի կողմից խաղաղ թուրք բնակչությանը «կոտորածի ենթարկելու» պնդումները, ապա չի բացառվում, որ թուրքական քարոզչությանը կհաջողվի այս թեզերը տարածել միջազգային հանրության շրջանում, իսկ ավելի ուշ արդեն ՀՀ-ին միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկել։

Դավիթ Գույումջյան