copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 19:30 23-04-2024

Բարի կամքի դրսևորո՞ւմ, թե պարտադրանք․ խաղաղապահներից «դժգոհ» Փաշինյանի հերթական ինտրիգը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի հայաթափումից 7 ամիս անց այնտեղից դուրս բերվեցին նաև ռուս խաղաղապահները՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների ու հավաստիացումների, որ ՌԴ-ն կպահպանի իր ռազմական ներկայությունը, եթե անգամ Արցախում հայեր չմնան։ Խաղաղապահները, որոնք Արցախում տեղակայվել էին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և 5 տարի ժամկետով, փաստացի տապալեցին իրենց առաքելությունը, քանի որ հենց վերջիններիս աչքի առաջ Ադրբեջանը մաս առ մաս օկուպացրեց Արցախի հայկական մնացած հատվածը, իսկ արդեն նախորդ սեպտեմբերին անցավ լայնամասշտաբ հարձակման՝ ամբողջովին բռնազավթելով ու հայաթափելով այն։

Ռուս խաղաղապահների դուրսբերման համատեքստում մի շարք իշխանամետ փորձագետներ և քաղաքական գործիչներ վերջին օրերին հանրությանը վստահեցնում էին, որ այս գործընթացքում Հայաստանի համար ամենադրական հանգամանքն այն է, որ Արցախից հեռացող ռուս խաղաղապահները չեն տեղակայվելու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Անշուշտ, այս պնդման հետ դժվար է չհամաձայնելը, եթե իհարկե այն համապատասխանի իրականությանը։

Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ Արցախից դուրս եկող խաղաղապահների շարասյունը, հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս, իսկ ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։ Սկզբնապես հայտնի չէր, թե Հայաստան մուտք գործած ռուս խաղաղապահները ուր են գնալու, ինչն էլ ավելի է խորացնում այն մտահոգությունները, որ վերջիններս կարող են համալրել Հայաստանում տեղակայված ռուս զինվորականների շարքերը։

Ավելի ուշ՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստան ժամանած խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար։ Նա հիշեցրեց, որ այդ վայրերը ռուսներին էին հատկացվել այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ այժմ, երբ նրանք հեռանում են ԼՂ-ից, բնականաբար չեն կարող մնալ նաև Հայաստանի տարածքում։

Արմեն Գրիգորյանի այս հայտարարությանը շատերը թերահավատորեն են մոտենում, քանի որ վերջինս այն պաշտոնյան էր, ով Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանրությանը վստահեցնում էր, որ Բաքվի հետ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել և Գորիս-Կապան ճանապարհի մի մասը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ հայ վարորդները կարող են անխոչընդոտ այդ հատվածով երթևեկել։ Այս հայտարարություններից արդեն ամիսներ անց, երբ Ադրբեջանը փակեց ճանապարհը, նույն Արմեն Գրիգորյանը սկսեց պնդել, թե համապատասխան պայմանավորվածությունը վերաբերել է մինչև այլընտրանքային ճանապահի կառուցմանը, իսկ այժմ այն պատրաստ է և Հայաստանի հարավ ուղևորվող վարորդները կարող են օգտվել դրանից։ Ինչ վերաբերում է այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհին, ապա այն առ այսօր գտնվում է անբարեկարգ վիճակում և չի կարողանում ողջ ծավալով սպասարկել ուղևորահոսքը։

Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես դժգոհ է եղել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից, ինչո՞ւ է համաձայնել, որ վերջիններս մուտք գործեն Հայաստան ու շարժվեն անհայտ ուղղությամբ։ Բնականաբար Արցախից հեռացող ռուս խաղաղապահներն առանց պաշտոնական Երևանի համաձայնության չէին կարող մուտք գործել ՀՀ տարածք, և այժմ էլ եթե նրանք շարունակեն մնալ այստեղ, ապա դրա համար նրանց անհրաժեշտ ՀՀ իշխանությունների առնվազն լուռ համաձայնությունը։

Այսպիսով՝ ենթադրում ենք, որ Հայաստանի գործող իշխանություններն ու վարչապետը, ովքեր արտաքուստ խստորեն քննադատում են Ռուսաստանին, մեղադրում վերջինիս իր պարտավորությունները չկատարելու մեջ, իրականում գիտակցաբար էլ ավելի են մեծացնում Մոսկվայից ունեցած կախվածությունը։ Եթե Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղապահները որևէ պատրվակով չհեռանան այստեղից, ապա դա կփաստի հիշյալ ենթադրություններից իրավացիությունը։

Մյուս՝ առավել վատատեսական սցենարով, ռուս խաղաղապահները Հայաստան են ժամանել՝ առանց ՀՀ իշխանությունների թույլտվության, ինչը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նշաձողի հերթական գիտակցված իջեցումը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի ամբողջական հանձումից հետո վստահեցնում էր, որ առաջնորդելու է Հայաստանի անկախության պահպանման շարժումը, սակայն, երբ իշխանությունը կորցնելու վտանգը որոշ չափով թուլացավ, վերջինս այս հայտարարությունը նույնպես մոռացության մատնեց։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված