Երևան +17°
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 23:52 16-04-2024

Ալիևը՝ հողին հավասարեցնելով, իսկ Փաշինյանը՝ համառորեն լռելով ոչնչացնում են Արցախը

Ադրբեջանցիները համացանցում տեղադրել են հերթական տեսանյութը զավթված Ստեփանակերտից։

Այն պատմում է Արցախի մայրաքաղաքի հայտնի ռեստորանային համալիրներից մեկի ներկա վիճակի մասին։

Օկուպացված Արցախի բազմաթիվ այլ վայրերի և օբյեկտների պես այս ռեստորանը հիմա կոչվում է այլ անվանմամբ։ Թուրքացվել է, բայց միայն անունով։ Առկա գույքն ամբողջովին նախկինում եղածն է, բայց ինչ փույթ՝ զավթիչներն այն ներկայացնում են, կարծեք իրենք են կահավորել, կառուցել։ Իսկ ամբողջ տեսանյութում հնչում է իրենց «ազգային» երաժշտությունը։

Փաստորեն, Ստեփանակերտի այդ անկյունն էլ է օտարվել բնիկ տերերից։ Այնպես, ինչպես մյուս օբյեկտներն են օտարվել կամ օտարվելու։

Պատմում են (այս մասին դեռևս ադրբեջանցիները չեն բարեհաճել տեսանյութ տեղադրել համացանցում – հեղ․), որ հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը» կոթողը դեռևս չի պղծվել, կանգուն է, բայց գտնվում է զավթիչների թիրախում։ Հնարավոր է, հուշարձանի կործանումն առժամանակ հետաձգվի, բայց այն ևս դատապարտված է, քանի որ խորհրդանշում է հողի բնիկներին՝ արցախցի տատիկին և պապիկին։ Ինչպե՛ս կարող է Արցախի հայկական լինելը վկայող կոթողն աչքի փուշ չլինել առաջնահերթ հենց Իլհամի համար։

Ադրբեջանի անգամ դպրոցներում են մանկահասակ երեխաներին սովորեցնում ատել հայերին, սպանել նրանց։ Սա անհերքելի փաստ է։

Ստեփանակերտն արագորեն թուրքանում է և դա, ցավոք, անխուսափելի իրողություն է։ Թուրքացվող Արցախում, ինչպես ադրբեջանական մամուլն է հայտնել, նախատեսվում է առաջիկա 2 տարիներին բնակեցնել ընդհանուր առմամբ 140 հազար ադրբեջանցի։ Նրանք ապրելու են մի այնպիսի վայրում, որը երբևէ «ադրբեջանական» չի եղել։ Նրանց համար արդեն հոգացել են, որ Արցախի պետհամալսարանի շենքում բացվի ադրբեջանական բուհ։ Ադրբեջանցի վերաբնակիչները բարով-խերով կօգտվեն նաև Արցախի տարածքում ամեն շաբաթվա ընթացքում հիմնվող մզկիթներից։ Ի դեպ, այդ մզկիթները ներկայացվում են, որպես նախկինում գործած և հիմա վերականգնվող մահմեդական հավատի օջախներ։

Դժվար է ասելը՝ կվերադառնա՞նք երբևէ մեր Արցախ։ Հույս փայփայելու իրավունքն, իհարկե, մեզանից ոչ ոք չի կարող խլել, բայց այդ հույսը սնուցող ոչինչ առայժմ չկա։ Հետևողականորեն ոչնչացվող հայկական հետքերն Արցախը դարձնում են «Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական շրջան», և չկա մեկը, ենթադրենք Հայաստանի ղեկավարությունից, որ կարող է միջազգային որևէ հարթակում բարձրացնել Արցախի պատմական և մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիրը։

Եթե այսպես ասենք, ապա Ալիևն ու Փաշինյանը ձեռք ձեռքի տված՝ ոչնչացնում են Արցախը, մեկը՝ ուղղակի քանդելով ու հողին հավասարեցնելով, իսկ մյուսը՝ դրա մասին բառ անգամ չասելով։

Հ․ Գ․ - Ադրբեջանական մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ Արցախում տեղակայված ռուսական զորքերը հեռանում են «Ադրբեջանի» տարածքից, մասնավորապես արդեն թողել են Դադիվանքը և շրջակայքը։ Այսինքն, եթե Արցախում հայկական հետքն ինչ-որ կերպ, թեկուզև մասնակի, պահպանվում էր, ապա այսուհետ ադրբեջանական վանդալիզմի ծավալվելու է իր ամբողջ սարսափելի էությամբ։

Տիգրան Աթանեսյան