Oragir.News-ին են դիմել նախկինում ճանապարհային երթևեկության կանոններ խախտած մի շարք վարորդներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ժամանակին մուծումներ անել, այդպիսով նրանց պարտքերը տեղափոխվել են Հարկադիր կատարման փուլ։ Քաղաքացիները չեն կարողանում հստակ տեղեկություն ստանալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ իրենց պարտավորությունների չափի, մարման ժամկետների և այլ հարցերի շուրջ։
Oragir.News-ը կապվեց Ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել նշված խնդիրները, մասնավորապես մատնանշել այն հարթակը, որտեղ կարելի է ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի կամ այն օգտագործողի (կամ սեփականատիրոջ) նկատմամբ կատարողական վարույթը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Ծառայության պաշտոնական կայքէջում գործարկվել է նոր
բաժին, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ վարույթին առնչվող բոլոր տեղեկություններին։ Անհրաժեշտ է անցնել գրանցման ընթացակարգ, ինչից հետո մատչելի կլինեն պահանջվող տվյալները, հայտնեց Վարդուհի Պետրոսյանը։
Ծառայության ներկայացուցչին փոխանցեցինք նաև «թեժ գծի» աշխատանքներից մեզ դիմած քաղաքացիների դժգոհությունը։ Մարդիկ բողոքում են, որ «8819» կամ «8829» կարճ հեռախոսահամարներով աշխատանքային ժամերին իրենց կատարած զանգերն անպատասխան են մնում, միայն ինքնապատասխանիչն է ինչ-որ երաժշտություն նվագում, որն ընդհատվում է նախօրոք ձայնագրած հայտարարությամբ՝ «ներողություն, մեր աշխատակիցներն զբաղված են, խնդրում ենք սպասել գծում»։ Դրան հաջորդում է նույն պրոցեսը՝ երաժշտություն, ընդմիջվող ձայնագրված հայտարարությամբ, և այսպես անվերջ։ Վարդուհի Պետրոսյանն այս կապակցությամբ հայտնեց, որ Ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, և չի բացառվում, որ առանձին զանգեր մնան անպատասխան։ «Դա զուտ մարդկային սահմանափակ ռեսուրսներով է պայմանավորված, համակարգն աշխատում է, Ծառայությունում «թեժ գծի» ևս 3 հեռախոսահամար կա ավելացված, քաղաքացիների բոլոր զանգերը ձգտում ենք ընթացքավորել», ասաց նա։
Հետաքրքրվեցինք նաև ՃՈ կողմից արձանագրված խախտումների վճարումների զեղչերի մասին տեղեկությամբ։ Վարդուհի Պետրոսյանը հայտնեց, որ վերջին անգամ նման արտոնություն սահմանվել էր 2018 թվականին։ Ներկա դեպքում արտոնությունը վերաբերում է նշանակված տուգանքների 50%-ին, այսինքն՝ տուգանքի կեսը վճարելու դեպքում կատարողական ծախսը կհաշվարկվի մնացորդ գումարի համար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ մինչև 10000 դրամը՝ մնացորդ գումարի 50 տոկոսի չափով , 10000-100000 դրամի դեպքում՝ 5000 դրամ, իսկ 100000 դրամից բարձրը՝ մնացորդ գումարի 5 տոկոսը։
Օգտվելով առիթից, Ծառայության խոսնակը հիշեցրեց, որ նախատեսված արտոնությունը կկիրառվի եռամսյա ժամկետում՝ սկսած ընթացիկ տարվա ապրիլի 5-ից և կոչ արեց բոլոր շահառուներին՝ չհետաձգել վճարումները և օգտվել պետության ընձեռած հնարավորությունից։
Տիգրան Աթանեսյան