Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:14 16-03-2024

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը։ Ամեն տարի այս տոնը նշվում է Մեծ Պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը, գրում է qahana.am-ը։

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ: Ավարտին կբաշխվի Ս. Հաղորդություն: Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի հայոց առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից մեկը:

Ըստ Ավանդության Գրիգոր Լուսավորիչը դիմացավ չարչարանքներին, չկորցրեց հավատն ու հայոց աշխարհում տարածեց Քրիստոսի լույսը:

Ըստ պատմական աղբյուրների` Գրիգորը Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը, սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Գրիգորը կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով որպես բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Տրդատը չէր ընդունում քրիստոնեությունը: Նա հրամայում է Գրիգորին երկրպագել Անահիտ աստվածուհուն։ Դիվանապետը մերժում է: Տրդատ արքան, իմանալով, որ քրիստոնյա է, նաև իր հորը սպանած Անակի որդին է, նրան չարչարանքների է ենթարկում ու նետում Խոր Վիրապի զնդանը:

Գրիգոր Լուսավորիչը չարչարանքների է ենթարկվում 13 տարի: Ըստ ավանդության՝ թագավորը հիվանդանում է: Արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ եղբորը կարող է բուժել միայն Գրիգորը: Լուսավորիչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, քարոզում է քրիստոնեություն:

Փրկության լույսը

Տարիների ընթացքում սոսկալի չարչարանքները ոչ թե թուլացնում, այլ ամրացնում են Գրիգոր Լուսավորչի հավատը: Նա հաղթում է խավարին, դառնում քրիստոնեական լույսի աղբյուր հայոց աշխարհում, նշում է Ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը.

«Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքները եղան հայ ժողովրդի համար փրկության լույսը: Այդ լույսի շնորհիվ մեր երկրում տարածվեց Աստծո սերը: Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից սերմանվածը ծաղիկ ու պտուղ տվեց»:

Հոգևորականը հիշեցնում է 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերանի ներբողը՝ նվիրված Ս. Գրիգոր Լուսավորչին.

«Ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:

Իրապես լինենք Լուսավորչի զավակները

Հիշատակության օրը առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ Գրիգոր Լուսավորիչը համբերությամբ ու հաստատակամությամբ տարավ բոլոր չարչարանքները, ընդգծում է Տեր Հուսիկը.

«Համբերությունը և ոչ թե անտարբերությունը քրիստոնյայի հոգևոր կյանքի հիմքն է: Համբերությունից ծնվում է հավատը: Համբերությամբ մեր Տերը բարձրացավ խաչի վրա: Համբերությամբ, առաքյալների միջոցով տարածվեց քրիստոնեությունը»:

Հոգևորականը հորդորում է, որ իրապես լինենք Լուսավորչի զավակները, դառնանք իրական հավատի կրող: Հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքը՝ Աբրահամի զավակները նրանք չենք, որ գենետիկորեն սերում են Աբրահամից:

«Իմացե՛ք, ուրեմն, որ Աբրահամի որդիներ են նրանք, ովքեր հավատին են ապավինում»։ (ԳԱՂԱՏ. 3;7)

«Լինե՛նք այն պատգամների կրողը, որ փոխանցում են մեր հայրապետները: Յուրաքանչյուրս վերանորոգենք այն ուխտը, որ կապել են մեր հայրերը՝ սկսած Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից, մինչև մեր Եկեղեցի: Հավատարիմ լինենք այդ ուխտին, ունենանք հոգևոր վերածնունդ»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը