Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:00 12-03-2024

Ի՞նչ է խոսելու Փաշինյանն այսօրվա ասուլիսում

Հանրային խոսույթում քննարկվող թեմաներն ամփոփելով կարելի է ենթադրել, թե Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած ասուլիսում ինչ հարցեր են տրվելու, և ինչ է նա պատասխանելու։

Նախ անդրադարձ է կատարելու տնտեսական ձեռքբերումներին, ամեն կերպ փորձելով հերքել, որ տնտեսական ցուցանիշների աճն ու դիվերսիֆիկացիան պայմանավորված են ուկրաինա-ռուսական պատերազմով ու ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներով։ Տնտեսական ձեռքբերումներով պարծենալու իմաստը ներդրումներ ներգրավելը չէ։ Բոլորն են հասկանում, որ քանի դեռ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում է, երկարաժամկետ և հեռանկարային ներդրումներ չեն լինելու։

Ամենաշատ հարցերն առնչվելու են հայ-ռուսական հարաբերություններին և անվտանգային դիվերսիֆիկացման փորձերին։ Այստեղ Փաշինյանը փորձելու է խուսափել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին ուղիղ պատասխանելուց, ակնարկելու է, որ հարցը կարող է ծագել, բայց չի նշելու, թե ինչից հետո։ Ընդգծելու է, որ այս պահին դուրս գալու հարց չկա իշխանության օրակարգում։ Ավելին՝ փորձելու է ապացուցել, որ ռուսների հետ ունեցած ոչ մի պայմանավորվածություն չի խախտել։

ԵՄ-ին անդամակցելու գաղափարի մասին հարցին անդրադառնալիս, Փաշինյանը խոսելու է Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված համաձայնագիրը լիարժեք կյանքի կոչելու ջանքերի, ԵՄ դիտորդական առաքելության ընդլյանման, ԵՄ երկրների հետ գործընկերությունն ընդլայնելու փորձերի մասին, միաժամանակ կոնկրետ չի պատասխանելու՝ իշխանությունը ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծ ընտրելու հարց քննարկո՞ւմ է, թե՞ ոչ։

Ընդարձակ անդրադարձ է կատարելու սպառազինության մատակարարման թեմային, տոկոսային ցուցանիշներով ցույց է տալու, թե ումից ինչքան զենք ենք ստանում։ Թեմայի շրջանակում սահուն անցում է կատարելու կանխատեսվող պատերազմի սպառնալիքին, մակերեսային նկարագրելով, թե դիվանագիտական ինչ գործիքակազմով են փորձում չեզոքացնել ագրեսիայի վտանգը։ Առանձնակի սևեռվելու է Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև բարձր է գնահատելու Մեծ Բրիտանիայի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայտարարությունը։

Հայ-ադրբեջանական բանակցությունների, սահմանազատման գործընթացի, զավթված հատվածներից Ադրբեջանին դուրս հրավիրելու, Արծվաշենի վերադարձի, ադրբեջանական պահանջների վերաբերյալ հարցրերին պատասխանելիս հաճախ հղում է անելու Ալմա Աթայի հռչակագրին։ Հետո սահուն անցնելու է Խաղաղության խաչմերուկին, հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի դերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ենթադրելի է, որ Արցախի ղեկավարներին ազատ արձակելուն, Արցախի հուշարձանները քանդելը կանխելուն կամ առնվազն՝ դատապարտելուն ուղղված ջանքերի մասին հարցերին տալու է լղոզ պատասխաններ։ Չի բացառվում, որ անդրադարձ կկատարի օրեր առաջ հրաժարական տված Էդմոն Մարուքյանի ելույթին, նշելով, թե նրա ծառայությունների կարիքն արդեն չէր զգացվում։ Ենթադրվում է նաև, որ բանախոսը կանդրադառնա ընդդիմության վերջին օրերին կազմակերպած հանրահավաքներին, ակնարկելով, որ նրանց ակտիվությունն ուղղորդվում է Մոսկվայից։

Կարճ ասած՝ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսի գլխավոր խնդիրն է համոզել ժողովրդին ու աշխարհին, որ ՔՊ-ական իշխանությունը ռուսամետ չի։ Իսկ մարտի 13-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի բանախոսները տաք-տաք կքննադատեն Փաշինյանին ու կապացուցեն, որ նա քայքայում է հայ-ռուսական հարաբերությունները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան