Ներքին 2 տարի առաջ - 13:45 11-03-2024

Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունն առաջադրված մեղադրանքում, գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ըստ քրեական գործի՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն իրականում ներկայացվել է ոչ թե մարտի 2-ին, ինչպես նշված է փաստաթղթերում, այլ՝ մարտի 5-ին, ինչը, սակայն, իբրև խեղաթյուրվել է, ինչն էլ հիմք է դարձել Հրայր Թովմասյանի թեկնածությունը թափուր մնացած պաշտոնում հետագայում առաջադրելու, նրան ՍԴ նախագահ նշանակելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՍԴ իրավունքներին և օրինական շահերին, ոտնահարվել են 2018 թվականի ապրիլի 9-ից հետո գործող օրենսդրությամբ ՍԴ անդամների՝ վեց տարի ժամկետով ՍԴ նախագահ ընտրելու և ընտրվելու իրավունքները հեղինակազրկվել է դատական իշխանության տվյալ մարմինը: Նախաքննության ընթացքում Արսեն Բաբայանը կալանավորվել է, ապա՝ ազատ արձակվել։ Ավելի քան երեք տարի տևած քննության արդյունքում դատարանը հունվարի 15-ին հրապարակել է վճիռը։

Դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորվում Արա Սաենի Բաբլոյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանցանքի կատարման դիտավորությունը (սուբյեկտիվ կողմը)։ Անդրադառնալով Արսեն Հակոբի Բաբայանին 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին՝ Դատարանն արձանագրում է, որ նախ արդեն իսկ Արա Սաենի Բաբլոյանին այդ մասով առաջադրված մեղադրանքով հանցակազմի բացակայության պայմաններում չի կարող հաստատվել նաև Արա Բաբլոյանին օժանդակելու հանգամանքը։ Բացի դա, դատարանը նշել է, որ գործի նյութերում առկա չէ գեթ մեկ այնպիսի փաստական տվյալ, որը կարող է վերաբերել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կիրառման վերաբերյալ Արսեն Հակոբի Բաբայանի առնչության մասին։

Ի դեպ, դատարանի այս որոշումը հրապարակվել է հունվարի 15-ին, ինչին էլ հաջորդել է ԲԴԽ-ի կողմից հրապարակված հայտնի տեսանյութը, որում անդրադարձ է կատարվել իբրև 5 աղմկահարույց գործերով ձգձգումներին և տապալումներին, և այդ գործերից մեկով՝ Լևոն Երանոսյանի վերաբերյալ, թիրախավորվել էր դատավոր Հարություն Մանուկյանը։ Թե որքանով է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով արդարացման դատական ակտը կապված՝ դեռևս քննության փուլում Լևոն Երանոսյանի գործով դատավորի թիրախավորումը, կլինեն արդյոք հետապնդումներ, թե՝ ոչ, առ այժմ վաղ է խոսելը, սակայն փաստ է՝ ժամանակագրորեն աղմկահարույց տեսանյութը հաջորդել է արդարացման վճռին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ