«Խաղաղության խաչմերուկ» կոչվող խաբկանքը գնալով ճաքեր է տալիս և շուտով ընդհանրապես կարող է փշրանքների վերածվել։
Հայաստանի իշխանությունները որոշել են, որ կարող են միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Մի դեպքում նրանք սիրախաղեր են անում ռուս-թուրքական բևեռի հետ՝ ամեն հնարավոր եղանակով կատարելով հարկադրված այն քայլերը, որոնք տարածաշրջանում կարող են ավելի ամրապնդել այդ դաշինքի դիրքերը։
Բազմաթիվ շնորհավորանքների, այցելությունների և բարեկամական ժեստերի միջոցով արտաքնապես տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ամեն հնարավոր եղանակով ձգտում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, լինել բարի դրացի։
Մյուս կողմից, Հայաստանն ընդունում է հակառակ տրամադրվածություն ունեցող բևեռի՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի պատվիրակություններին, քննարկում այդ երկրներից սպառազինություն և ռազմական այլ աջակցություն ստանալու հարցերը։ Ի դեպ, այսօր ադրբեջանական պատգամավոր Ֆազիլ Աղամալին, ելույթ ունենալով Մեջլիսում, հայտարարեց․ «Քանի դեռ Հայաստանը բավարար չափով սպառազինված չէ, պետք է անցկացնենք ռազմական գործողություն և հետ բերենք մեր 8 օկուպացված գյուղերը»։
Ժամանակին Հայաստանի նախորդ իշխանությունները նույնպես վարում էին «կոմպլեմենտար» քաղաքականություն, սակայն աշխարհը վերաձևավորելու գործընթացն այդ պահին դեռ նոր-նոր էր սկիզբ առնում, սեփական պետությունը մահացու հարվածի տակ դնելու ռիսկերն այսչափ սուր չէին։ Հիմա, ի տարբերություն նախկին ժամանակաշրջանի, գլոբալ հակամարտությունը մտել է ռազմական առճակատման փուլ, և մեծ խաղացողներին պետք է ավելի փոքրերից ստանալ իրենց ճամբարում լինելու և մնալու կոնկրետ երաշխիքներ։ Այդ նպատակով գործի են դրվում միջոցներ, որոնցով տվյալ փոքր երկիրը, կամա թե ակամա, կատարում է ակնկալված ընտրությունը, ինչից հետո մնում է միայն մեկ՝ բայց կարևորագույն հարց․ կմնա՞, արդյոք, այդ պետությունը։ Ընդ որում, խոսքը սուվերենության մասին չէ, այլ առհասարակ՝ գոյության։
Վերադառնալով Հայաստանին՝ պետք է փաստենք, որ պատմականորեն ու դարերով մեր երկիրը կապված է Ռուսաստանի հետ, տևական ժամանակահատված եղել է կայսրության ծայրամասը։ Ինչպես ասում են, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, և եթե ինքներս մեզ հարց տանք՝ օգտակա՞ր է եղել ռուսական մարզ լինելը հայության համար, թե ոչ։ Ընդունված է ասել, որ հայության գոյատևումը, հատկապես իբրև հետագայում պետականության ձևավորման նախադրյալ, կախված է եղել ռուսական իրականության մաս կազմելուց։ Այս կարծիքին ենք գալիս, եթե համեմատում ենք Օսմանյան Թուրքիայիում և Ռուսական իմպերիայում հայերի կացությունը։
Ներկայում ռուսական և թուրքական պետություններն իրար հետ սերտ համագործակցության մեջ են, և պետք է փաստել ակնհայտը՝ այդ գործակցության արդյունքում այլևս չկա հայկական Արցախ։ Գուցե նաև սա է հայաստանյան իշխանություններին մղում համագործակցության ուղիներ փնտրելու ֆրանս-հնդկական բևեռի հետ, սակայն գլոբալ մրցակիցների միջև մանևրելու տաղանդ նույնպես պետք է ունենալ, ինչից, ավաղ, զուրկ է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, որն իր, մեղմ ասած, դիլետանտությամբ կարող է պետությունը տանել վերջնական կործանման։
Տիգրան Աթանեսյան