Երևան +11°
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:25 03-03-2024

Գյումրիի Խրիմյան Հայրիկ 60 շենքի բնակիչն ահազանգում է, որ կոյուղաջրերը լցվել են նկուղ

Գյումրիի Խրիմյան Հայրիկ 60 շենքի բնակիչներից մեկը դիմել է Oragir.News-ին, որպեսզի բարձրաձայնվեն իրենց շենքի խնդիրները։

Բանն այն է, որ կոյուղաջրերը լցվում են նկուղ, բայց խնդրով ոչ ոք չի զբաղվում։ Արդեն 5 տարի մարդիկ բախվում են այս նույն խնդրին, բայց հարցը վերջնական լուծում չի ստանում։

Մեզ դիմած բնակիչն ասում է, որ համատիրությունը գցում է «Վիոլիա ջուր» ընկերության վրա, «Վիոլիա ջուր» ընկերությունն էլ իր հերթին համատիրության վրա է ուղղում մեղքի սլաքները։

«Ես արդեն 5 տարի կապրիմ էս շենքում, 5 տարի կռիվ կուտամ նկուղի ջրի համար։ Էս շենքի մեջ բնակարան առանք, որովհետեւ չոր էր, երկար տարիներ մարդ չէր ապրել, մտանք՝ խոնավություն չկար, հոտ չկար։



Պարզվավ մեր գալուց, այսինքն՝ առնելուց մի քանի ամիս առաջ մաքրել էին նկուղը, տան լուսամուտները բացել տունը, չորացրել էին, օդը մաքրել ծախել էին։ Հարևաններից Կարինե տոտան պատմեց, որ բնակարանի նախկին բնակիչները շատ մաքուր մարդիկ են եղել, տունն էլ ընտիր ռեմոնտով, բայց վաճառել են խոնավության համար, ինչքան էլ մաքրել են բնակարանը խոնավ է եղել»,-պատմում է Խրիմյան Հայրիկ 60 շենքի բնակչուհին՝ Մարինա Շահբազյանը։

Մարինան ասում է, որ էլ տունը մնալ չի լինում, որովհետև տան պատերը խոնավացել են, խոնավության հոտը շնչելն անհնար է դարձել։



«Ես ինչ եկել եմ, համատիրության հետ կռվում եմ։ Ամիսներով կռիվ եմ տալիս, գալիս են, էդ կեղտոտ ջուրը լցնում են բակը, խաղահրապարակը։ Կողքի շենքերից հարևանները կռվում են, չեն թողնում, որ էդ կեղտը լցնեն բակ, դե բնականաբար դրան ես էլ եմ դեմ։ Բայց անցնում է մի ամիս, էլի նույն պատմությունն է։ Տուն մտնել չի լինում․ ահավոր խոնավ է, դարակներից շորերը հանել եմ, ջոկել, տարել դրել աղբանոցի մոտ։ Դե ես եմ առաջին հարկում, խնդիրը իմ մոտ է ավելի շատ։ Նկուղը քիչ էր, 4-րդ հարկից մինչև 2-րդ հարկ անձրևաջրերի խողովակները չգիտեմ ոնց են դրել, անձրևներին իմ տունն է լցվում։ Խոստացել են՝ գան իջեցնեն մինչև առաջին հարկ, դեռ գալիս են»,-շարունակում է Մարինա Շահբազյանը։

Խրիմյան Հայրիկ 60 շենքի բնակչուհին ասում է, որ իր պահանջը մեկն է, որ նկուղի ջուրը մաքրեն ու սարքեն։



«Մենակ ես կռիվ կուտամ, դե վերևն ապրողներին ինչ, առաջին հարկն է դարձել խոնավության բուն, բայց չեն մտածե, որ շենքի հիմքը նկուղն է․ տարիների ընթացքում կթուլանա»,-ասում է Մարինա Շահբազյանը։

Խրիմյան Հայրիկ 60 շենքի բնակչուհին ասում է, որ պահանջում է վերջնական լուծում, իսկ «Վեոլիա ջուր» ընկերության և համատիրության ոտքի վրա ու կարճաժամկետ լուծումներից արդեն հոգնել է։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վեոլիա ջուր» ընկերության Շիրակ մասնաճյուղից, բայց ինչպես միշտ է եղել այս կառույցի դեպքում, իրենք տեղում չեն։