Ներքին 2 տարի առաջ - 13:30 29-02-2024

Որտե՞ղ մնաց Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը

2010-ական թվականներին տեղի էր ունենում Արցախի և արտերկրի, հատկապես՝ Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցություն հաստատելու ակտիվ գործընթաց։

Կնքվող հուշագրերով հարաբերություններ էին հաստատվել Արցախի Մարտակերտ, Մարտունի, Շուշի, Ասկերան, Բերձոր, Հադրութ, Ճարտար, Ստեփանակերտ քաղաքների և ֆրանսիական մի շարք համայնքների միջև։ Անգամ Արցախի և Ֆրանսիայի առանձին գյուղեր էին կնքել Բարեկամության հռչակագրեր։

Արցախում, այդպիսով, մեծ թափ ստացավ ֆրանսերենի ուսուցումը։ Ստեղծվել և լայն գործունեություն էր ծավալում նաև Արցախ-Ֆրանսիա խորհրդարանական խումբը։

2019 թվականի ամռանը, երբ արդեն Հայաստանում իշխանափոխության երկրորդ տարին էր, ֆրանսիական դատարանները սկսեցին մեկը մյուսի ետևից ընդունել վճիռներ, որոնցով չեղարկվեցին կնքված բարեկամության հուշագրերը, որոնք համարվում էին Արցախի միջազգային ճանաչմանն ուղղությամբ հայ դիվանագիտական համայնքի ձեռքբերում։

Հայաստանի կառավարությունը, սակայն, մատը մատին չխփեց և որևէ արձագանք չտվեց ֆրանսիական դատարանների որոշումներին։ Հետահայաց ընկալելով Արցախի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության իրական վերաբերմունքը, այդ անգործությունն իհարկե՝ զարմանալի չի թվում։
Արցախցիներիս պատուհասած պատերազմների, իսկ ապա և գաղթի մեծ դժբախտությունը նույնպես անարձագանք մնացին ֆրանսիական համայնքների կողմից։ Արցախի հայաթափման առաջին օրերին արվեցին մի քանի հայտարարություններ, որոնք արտահայտում էին «ցավակցություն և զորակցություն»՝ այդպիսով ունենալով միայն խորհրդանշական, «առ ի քաղաքավարության» և հավուր պատշաճի արված ժեստի նշանակություն։

Հավանական է, որ նման ձևական վարքը պայմանավորված է ՀՀ իշխանությունների կեցվածքով, գուցե՝ նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններով։ Չի կարելի բացառել նաև Արցախի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ թերի կամ զրո աշխատանքի գործոնը։

Ամեն դեպքում, մի ժամանակ ձևավորված լայն փոխգործակցության հետքն անգամ չկա, մինչդեռ կարելի էր այն վերականգնելով՝ ծառայեցնել ի բարօրություն մեծամեծ խնդիրներ ունեցող արցախցիների։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի