Մակրոնը փորձում էր ճնշել. Եվրոպան կաջակցի, բայց զորքեր չի ուղարկի Ուկրաինա
copy image url

Մակրոնը փորձում էր ճնշել. Եվրոպան կաջակցի, բայց զորքեր չի ուղարկի Ուկրաինա

Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 28-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։ Նա շեշտել էր՝ դա կարող է արվել նպատակին հասնելու համար, որն անփոփոխ է մնում՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի իր իսկ սանձազերծած պատերազմում։

Միևնույն ժամանակ արևմտյան բազմաթիվ երկրներ բացառել էին, որ զինված ուժեր կուղարկեն Ուկրաինա։ Սրանից ելնելով՝ բազմաթիվ փորձագետներ համոզմունք հայտնեցին, որ Ուկրաինան ռուսական ագրեսիայի դեմ պայքարում միայնակ է մնացել, ուստի առաջիկայում ստիպված կլինի հրադադար հաստատել։

Oragir.News-ը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանից հետաքրքրվեց, թե արդյոք Մակրոնի հայտարարությունը վկայո՞ւմ է այն մասին, որ ռազմաճակատում Ռուսաստանի օգտին շրջադարձ է եղել՝ հաշվի առնելով նաև տարածքային վերջին ձեռքբերումները։ Ի պատասխան՝ Ղևոնդյանն ասաց՝ արդեն հայտնի է, որ ռազմաճակատում Ռուսաստանի օգտին որոշակի շրջադարձ կա, դա նորություն չէ, իսկ Մակրոնի հայտարարությունը նպատակ ուներ ավելի շատ ճնշում գործադրել, քան իրականում զինված ուժեր ուղարկել Ուկրաինա։

Քաղաքագետը ներկայումս Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակի պայմաններում հնարավոր չի համարում, որ արևմտյան զինված ուժերը կուղարկվեն այնտեղ։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ Եվրոպան շարունակելու է ֆինանսական և ռազմատեխնիկական միջոցներով աջակցել Ուկրաինային, դա կասկածի տեղիք չի տալիս։

Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ, որ արևմտյան զորքերն ուղղակի ներգրավվեն ռազմական գործողություններում՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին նման հավանականություն չի տեսնում։ Նրա համոզմամբ՝ անգամ Ռուսաստանի արձանագրած ռազմական հաջողություններն ընդհանուր առմամբ ստատիկ իրավիճակը չեն փոխում, նույնը հակառակ դեպքում՝ եթե Ուկրաինան որոշ հաջողություններ ունենա, ինչը մինչև աշնան վերջ ուներ, կրկին իրավիճակը չեն փոխում։ «Այս իրավիճակում կողմերից ոչ մեկը չի փորձի ավելի մեծ ռիսկի դիմել»,- ասաց նա։

Ղևոնդյանը չհամաձայնեց այն դիտարկումների հետ, որ Մակրոնի հայտարարությունը փաստում է այն մասին, որ Ուկրաինան միայնակ է մնացել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Նա իր տեսակետը նախևառաջ հիմնավորեց այն հանգամանքով, որ Ուկրաինայում մեծ տեմպերով կառուցում են F16 կործանիչների համար նախատեսված վազքուղիները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով ԱՄՆ-ում մեկնարկելու են նախագահական ընտրությունների դեբատների ժամանակաշրջանը՝ հավանաբար կհարմարեցնեն և հենց այդ ժամանակ առաջին F16-երը կհասնեն Ուկրաինա։ Իսկ սա նշանակում է, որ օդում հավասարություն կհաստատվի, ինչը հնարավորություն կտա կրկին ստատիկ իրավիճակը պահպանել, բայց նաև փոքր ձեռքբերումներ ունենալ, որը հոգեբանական ազդեցություն կունենա ընդհանուր իրավիճակի վրա։

Կարծում եմ այդ ժամանակ նույն մեկնաբանները կխոսեն հակառակի մասին, որ ուկրաինացիներն են մոտ հաղթանակի, կամ մեծ հնարավորություններ, որը նույնպես չի համապատասխանի իրականությանը, ինչպես այսօր չի համապատասխանում, Ուկրաինան մենակ է մնացել»,- կարծում է նա։

Քաղաքագետից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հավանական, որ ՌԴ-ում սպասվող նախագահական ընտրություններից առաջ ռուսական կողմ կփորձի ռազմաճակատում հաջողություններ արձանագրել, ինչին ի պատասխան Ղևոնդյանն ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրա անհրաժեշտությունը չունի։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ներսում այնպիսի տեղեկատվական իրավիճակ է, որի պայմաններում ցանկացած սուտ հրամացրվում է որպես իրականություն, և ՌԴ-ի ժողովուրդն ապրում է այդ պայմաններում։

«Անգամ հաջողություններ չունենալու պայմաններում նրանք կարող են այդ հաջողությունների մասին խոսել, և այդպիսով Ռուսաստանի նախագահը կստանա իր ցանկալի տոկոսները։ Իսկ եթե չստանա էլ, մենք օրեր առաջ տեսանք, թե ինչպես Ալիևի համար նկարեցին այդ 92%-ը, նույնն էլ կանեն Պուտինի համար՝ կնկարեն ինչ-որ տոկոս, որը նա կցանկանա։ Այնպես որ այստեղ Ռուսաստանի նախագահը չի ցանկանա ավելորդ ռիսկի դիմել»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե Ռուսաստանում հանրությանը ռազմաճակատի դրության վերաբերյալ իրական տվյալներ չե՞ն հաղորդվում՝ Ռոբերտ Ղևոնդանը պատասխանեց, որ փորձ է արվում իրականությանը մոտ տեղեկություններ ներկայացնել՝ միևնույն ժամանակ ամեն ինչ մեկնաբանել այնպես, ինչպես պետք է։ Նա հավելեց, որ Ռուսաստանում կան հատվածներ, որտեղ տեխնոլոգիական զարգացվածության աստիճանը խիստ ցածր է կենտրոնական շրջաններից, ուստի այդտեղ այնպիսի տեղեկատվություն է տրամադրվում, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին