Մշակույթ 2 տարի առաջ - 22:43 23-02-2024

Մեռնելուց չեմ վախենում, քիչ ապրելուց եմ վախենում․ Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է

«Մեռնելուց չեմ վախենում, քիչ ապրելուց եմ վախենում։ Եթե մի դար էլ ապրեմ և հարյուր տարեկան հասակում կարողանամ եթե ոչ վրձին, գոնե ֆլոմաստեր բռնել, դարձյալ քիչ կլինի, շատ քիչ՝ գույնի վերածելու այն բոլոր մտքերը, որ խառնիխուռն ապրում են գլխումս և հանգիստ չեն տալիս»,- մի առիթով ասել է Մինասը։

Այսօր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է։

Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:



Տիգրան Մանսուրյանը հիշում է՝ մի օր Մինասի հետ այցելել են Սարյանին։

«Մինասին տեսնելով՝ շատ ուրախացավ։ «Դո՛ւ պիտի ղեկավարես նկարիչների միությունը։ Դո՛ւ պիտի բոլորին առաջնորդես»,-ասում էր Մինասին։ Այսպես խոսում ու հետն էլ նայում էր պատին կախված իր նկարներին։ Մինասի թեման, կարծես, ավարտելով՝ գլուխը խոնարհեց ու ասաց. «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը. առավոտյան ոչինչ չես անում, ցերեկը ոչինչ չես անում, երեկոյան ոչինչ չես անում»։ Եվ կրկնեց. «Ի՜նչ լավ բան է ծեր լինելը»»։

Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:



Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:



Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու