Ներքին 2 տարի առաջ - 18:14 20-02-2024

Որտե՞ղ է տրամաբանությունը

Արցախից գաղթելուց հետո արցախցիներին բացատրեցին, որ իրենց անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, ընդամենը «ճամփորդական փաստաթուղթ» է։

Այդ հանգամանքի բերումով ընդունված կարգը ստիպեց տեղահանվածներին՝ դիմել հայաստանյան ՆԳՆ-ի անձնագրային ստորաբաժանումներ, որպեսզի ստանան նաև «ժամանակավոր պաշտպանության» (փախստականի –խմբ․) վկայական։ Այսպես կոչված՝ լիարժեք «ճամփորդելու» համար, փաստորեն, միայն «070» կոդով անձնագիր-«ճամփորդական փաստաթուղթը» բավական չէր, պետք է ներկայացվեր նաև փախստականի վկայականը։

ՀՀ իշխանությունների այս պահանջի կատարման պատճառով, ամիսներ շարունակ, Հայաստանի անձնագրայինները լցված են արցախցիներով․․․ հերթերն «ուտում են իրար», ընդ որում՝ թե՛ «կենդանի» հերթում (որ վարում են հենց անձնագրայինում), և թե՛ էլեկտրոնային համապատասխան հարթակում հերթագրվելու դեպքում մարդու հերթը հասնում է ամսուկես անց։

Ինչպես հայաստանյան իշխանություններն են հայտարարել, արցախցիների «թերի» անձնագրում գրանցված արցախյան հաշվառումից արցախցին պետք է հանվի և հաշվառվի ՀՀ իր փաստացի բնակության հասցեում։ Եվ այդ պահանջը պարտադիր է, քանի որ եթե որևէ գործարք պետք է կատարես, ենթադրենք, գույքի առուվաճառք, կամ նպաստի ստացում, թոշակի տրամադրում․․․ ամեն-ամեն ինչի համար դու պետք է հաշվառվես Հայաստանի քո կոնկրետ հասցեում, որտեղ բնակվում ես, իհարկե, ժամանակավոր։
Ի դեպ, գործարքի մասին․ ինչպես Oragir.News-ին հայտնեց տեղահանված արցախցիներից մեկը, իրեն պատկանող գույքի առուվաճառքի համար դիմել էր Արցախի օպերատիվ շտաբ, որտեղ գործում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Քաղաքացուն պետք էր ավտոտրանսպորտի գույքահարկի գծով պարտավորություն չունենալու մասին տեղեկանք, որը ստացավ և ներկայացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանություն, որտեղ էլ ձևակերպվեց գործարքը։

Հարց է առաջանում․ եթե արցախցու անձը հաստատող անձնագիրը հիմք չէ, որ նա համարվի ՀՀ քաղաքացի և, ենթադրենք, աշխատանք ստանա պետական հիմնարկում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի տված տեղեկանքն «անցնում» է, այն էլ այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին գույքի առքը կամ վաճառքն է։

Քավ լիցի, մենք միայն ուրախ ենք, որ արցախցիները գոնե մի տեղում զերծ են մնում քաշքշուկից, և տա՛ Աստված՝ այդ միտումները միայն ավելանան, սակայն տրամաբանություն չկա, որ դու արցախցու անձնագիրը համարում ես ոչ անձնագիր, իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանի տեղեկանքով ֆինանսական գործարք ես վավերացնում։

Տիգրան Աթանեսյան


Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար