2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, որոշ շրջանակներ հայ հանրությանը փորձում էին համոզել, որ վերջապես խաղաղություն հաստատելու «պատմական հնարավորություն» է ընձեռնվել, որից անհրաժեշտ է օգտվել։ Վերջիններս պնդում էին, որ թշնամին սահմանափակվելու է միայն Արցախով և հավակնություններ չի դրսևորելու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Այս թեզը հիմնավորվում էր 2023-ի հոկտեմբերից հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական անդորրով, որը, սակայն, Ադրբեջանի կողմից օգտագործվում էր Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա նախապատրաստելու, ինչպես նաև Արցախի դեմ ագրսիայի արդյունքները լեգիտիմացնելու նպատակով։ Հարաբերական անդորրը հաստատվել էր նաև Արցախի պաշտպանության բանակի կատարած սխրանքի արդյունքում, որը մեկօրյա դաժան պատերազմում անհամեմատ մեծ կորուստներ էր պատճառել քանակով և սպառազինությամբ իրեն տասնյակ անգամներ գերազանցող թշնամուն։
Հայ հասարակությունը, որը հոգնել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած և տարբեր դրսևորումներով առ այսօր շարունակվող պատերազմներից, նախընտրեց հավատալ հիշյալ քարոզչական թեզին՝ հույս ունենալով, որ գոնե Արցախի կորստի գնով հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։ Սակայն, ինչպես նախազգուշացնում էին բազմաթիվ փորձագետներ, թշնամու հաջորդ ագրեսիան իրեն շատ սպասեցնել չտվեց։
2024 թվականի հունվարից Ադբեջանի իշխանությունները կրկին սկսեցին կոշտացնել իրենց հռետորաբանությունը՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրսիաների հիմք նախապատրաստելու համար։ Դրա ամենաակնհայտ օրինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 10-ի հարցազրույցն էր, որում նա սպառնալից տոնով Հայաստանից պահանջեց միջանցք տրամադրել՝ սպառնալով, որ հակառակ պարագայում որևէ այլ հատվածում սահմանը չի բացի, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը և 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված Ջերմուկ քաղաքը համարեց ադրբեջանական՝ տալով հիշյալ բնակավայրերի ադրբեջաներեն և արհեստածին անվանումները՝ համապատասխանաբար «Էրիվան և Իսթիսու»։
Արդեն հունվարի 26-ին Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց բռնազավթված Արցախի տարածքում գտնվող ականապատված դաշտերի 8 տեղամատյաններ, որոնք, ԱԱԾ-ի պնդմամբ, նոր են ի հայտ եկել։ Չնայած այն բանին, որ Հայաստանն այս քարտեզները փոխանցեց՝ առանց Ադրբեջանից որևէ զիջում ստանալու, հարևան երկիրը չգնահատեց անգամ այս քայլը և դժգոհեց ՀՀ-ի տրամադրած քարտեզներից՝ պնդելով, որ դրանց կոորդինատները սխալ են։
Հունվար ամսին թշնամու հռետորաբանության կոշտացումն իշխանամետ շրջանակները փորձում էին պայմանավորել բացառապես Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններով, որոնցով Ալիևը փորձում էր առավելագույն ձայներ ստանալ և լեգիտիմություն հաղորդել իր 20-ամյա իշխանություն։ Նկատենք, որ Բաքվի հռետորաբանության կոշտացումը պայմանավորված էր նաև հիշյալ իրողություններով, սակայն նման կերպ թշնամին փորձում էր լեգիտիմ հիմքեր ստեղծել ՀՀ-ի նկատմամբ իր հետագա ագրեսիաների համար։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 4 զոհ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է, որ այս սադրանքն իրականացվել է ի պատասխան նախօրեին «Հայաստանի զինված ուժերի կատարած սադրանքի», որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող էր վիրավորվել։ Նշենք, որ ավելի վաղ հայկական կողմը հերքել էր Ադրբեջանի վերջին մեղադրանքները։
Հատկանշական է, որ նախքան ադրբեջանական այս ագրեսիան՝ պաշտոնական Երևանը հերթական միակողմանի զիջումն է կատարել և Բաքվի պահանջով Հայաստանի արտաքին գործերի նախարության պաշտոնական կայքէջից հեռացրել է Արցախի մասին պատմող բաժինը, ընդ որում բոլոր չորս լեզուների` հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն էջերից: ԱԳՆ-ի պաշտոնական էջից հեռացվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ բաժնի բովանդակությունը։
Ուշարագրավ է, որ օրեր առաջ` փետրվարի 9-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել էր, որ ՀՀ Անկախության հռչակագրից բացի ադրբեջանական կողմը խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում: Նա դժգոհել էր, որ Հայաստանը վերապահումներով է միացել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, ինչպես նաև խնդրահարույց համարել, որ ՀՀ ԱԳՆ-ի կայքում Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ «Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար»,- ասել էր նա։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունից չորս օր անց պաշտոնական Երևանը կատարեց Բաքվի հերթական պահանջը, և ՀՀ ԱԳՆ-ի կայքից «անհետացավ» Արցախի մասին պատմող բաժինը։ Փաստենք, որ Երևանի այս միակողմանի զիջմանը Բաքուն «հայելային պատասխանեց»՝ հարձակում գործելով Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, որը 4 զինծառայողների մահված պատճառ դարձավ։




Հավելենք, ինչպես բազմիցս պնդել ենք, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների անվերապահ կատարումը ոչ միայն չի հանգեցնելու խաղաղության հաստատման, այլ թշնամին օգտվելու է այդ իրողությունից և ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնելու, իսկ չկատարելու դեպքում՝ դիմելու է նոր ագրեսիաների։
Դավիթ Գույումջյան