copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 21:30 09-02-2024

Տրանսպորտի թանկացումից բոլորն են տուժելու. իշխանությունը վախեցավ Մարությանի պայքարից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանի ավագանին օրերս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, ինչպես նաև ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե-խմբ․) և Սոնա Աղեկյանին զրկեց ավագանու մանդատներից։ Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ձայները չէին բավականացնում ընդդիմադիր գործիչներին մանդատներից զրկելու համար, այնուամենայնիվ «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամներ՝ Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը, նույնպես միացան իմպիչմենտի գործընթացին, ինչի արդյունքում էլ այն կայացավ։

Միևնույն ժամանակ քաղաքային իշխանությունը նախատեսում էր առաջիկայում թանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը, ինչին կտրուկ դեմ էր արտահայտվել Հայկ Մարությանը և նշել, որ փողոցային պայքար է սկսելու այս որոշման դեմ, ինչպես դա արել է 2013 թվականին և հաջողել։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունները հետ են կանչել այս որոշումը՝ որոշ խմբագրումներ կատարելու նպատակով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումը գործող իշխանությունների ամենաոչդեմոկրատական որոշումներից մեկն է։ Նրա համոզմամբ՝ առաջնային մանդատ ունեցող ավագանիներին հետ կանչել կարող է միայն ժողովուրդը՝ տվյալ դեպքում ընտրողները, ովքեր իրենց իրավունքները պատվիրակել են այդ մարդկանց։

«Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունն առանց այդ էլ լեգիտիմության լուրջ խնդիր ունի․ փոքրամասնության իշխանություն է։ Նման պարագայում այսպիսի կամայական որոշումների ընդունումը, դրան գումարենք նաև քաղաքական անասնագողության փաստը, որ խմբակցություններից մեկից երկու ձայն կորզեցին, կարող ենք ասել, որ սա չափազանց ոչ դեմոկրատական, ես նույնիսկ կասեի խիստ ավտորիտար որոշում է։ Կասկած չունեմ, որ սա քաղաքական հետևանքներ ունենալու է»,- նշեց նա։

Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ սա քաղաքական որոշում էր, որի թիրախում հատկապես Հայկ Մարությանն էր։ Քաղաքագետը նկատում է, որ ցանկացած խորհրդարան իր կազմում ունենում է պոտենցիալ վարչապետացուներ, ցանկացած ավագանի էլ՝ քաղաքապետացուներ, և գործող ավագանին նույնպես բացառություն չէ։

«Սակայն այստեղ հնարավոր քաղաքապետացուներից մի քանիսը բացակայում են. օրինակ Անդրանիկ Թևանյանն ի սկզբանե մանդատը չէր վերցրել, Վարդան Ղուկասյանը «Հանրային ձայն»-ի ցուցակում չէր էլ եղել, և գործող ավագանիում ընդդիմությունից մնացել էր միայն մեկ մարդ, որը ռեալ քաղաքապետացու էր, ում շուրջ կարող էր կոնսոլիդացիա տեղի ունենալ, և դա էլ իր հերթին քաղաքում իշխանափոխության կհանգեցներ։ Խոսքը Հայկ Մարությանի մասին է, ում, մանդատից զրկելով, ավագանու ընդդիմադիր հատվածին զրկեցին այլընտրանքային քաղաքապետի թեկնածու ունենալու հնարավորությունից։ Իրենց կարճ հաշվարկը սա է, որը կարճաժամկետ առավելություն է տալու, քանի որ գործող ավագանին շատ շուտով հայտնվելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, և արտահերթ ընտրություններն անխուսափելի են դառնալու»,- ասաց նա՝ նշելով, որ ամիսներ անց՝ մինչև տարեվերջ, այս սցենարը իրականություն կդառնա։

Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանի հայտարարությունից հետո քաղաքային իշխանությունը որոշեց հրաժարվել տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումից, Սուրեն Սուրենյանցը դրական պատասխանեց և նշեց, որ անկախ այն բանից, թե ով կհայտարարեր պայքարի մասին, դա անհանգստացնելու էր իշխանություններին։ Նա ընդգծեց, որ Մարությանի պարագայում դա ավելի ազդեցիկ հնչեց, քանի որ 2013 թվականին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարն ինքն էր առաջնորդում կամ առաջնորդներից մեկն էր։

Սուրենյանցը կարծում է, որ իշխանությունները խիսի վախեցան Հայկ Մարությանի պայքարի հեռանկարից, քանի որ տրանսպորտի թանկացում է հարվածում է ցանկացած ընտանիքի գրպանին։ Նա ասաց, որ չորսհոգանոց ընտանիքը տրանսպորտի միասնական տոմս գնելու համար տարեսկզբին պետք է ծախսի 4-500 հազար դրամ, ինչը ցանկացած ընտանիքի համար շատ մեծ հարված է՝ հաշվի առնելով Հայաստանի եկամուտները։ «Երբ Հայկ Մարությանը նման հայտարարություն արեց, իշխանությունները, ըստ երևույթին, նախորդ երկու օրերին հասկացան՝ սա այն խնդիրն է, որ կարող է հասարակությանը ոտքի հանել, քանի որ կրկնում եմ՝ սա մտնում է ցանկացածի տուն։ Դրա համար էլ շատ արագ որոշեցին առաջիկա նիստերի օրակարգից այդ խնդիրը հանել»,- ասաց նա։

Քաղաքագետը միևնույն ժամանակ հակված չէ կարծել, որ ՔՊ-ն հրաժարվել է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մտադրությունից, սակայն վստահ է, որ որոշումը կայացվեց Հայկ Մարությանի հայտարարության հետևանքով։

Անդրադառնալով Հայկ Մարությանի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու հայտարարությանը և հաջողելու հավանականությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի ղեկավար առաջին համարը լինում է վարչապետի թեկնածուն, սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Նա դրական գնահատեց Մարությանի այս որոշումը՝ նշելով, որ վերջինս ունի էլեկտորատ, ծրագրեր, ուստի ճիշտ է անում, որ ինքնակազմակերպվում է և փորձում է դառնալ կուսակցություն։

Սուրեն Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ եթե Հայկ Մարությանը իր քարոզչությունն անի այնպես, ինչպես արեց ավագանու քարոզարշավի ժամանակ՝ ապաքաղաքական կարգախոսներով, ապա մեծ հաջողություններ չի կարող ունենալ, իսկ եթե հետևություններ է արել և իր օրակարգում նաև գլոբալ քաղաքականությամբ է զբաղվելու, ապա կարող է հաջողել։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Հայկ Մարությանն այն կերպարներից է, ով հասարակության մեծամասնության կողմից ընկալված է, իսկ նրա հակավարկանիշը շատ ցածր է։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված