Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայիս իշխանությունները Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո բազմիցս հայտարարում են, որ որդեգրել են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու քաղաքականություն։ Այլ հարց է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել խաղաղության հաստատմանը, իսկ բոլոր ռազմական գործողությունները, որոնց մասնակցել է մեր երկիրը, եղել են ոչ իր կամքով և պարտադրված։
Խաղաղության դարաշրջան բացելու համատեքստում անշուշտ Հայաստանը կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի ուղղությամբ նախորդ տասնամյակներին մի քանի փորձ կատարվել է, սակայն դրանցից որևէ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Բնականաբար Հայաստանի բոլոր իշխանություններն էլ կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, քանի որ այդ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և փակ սահմանների առկայությունը պայմանավորված է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների անվերապահ կատարմամբ, սակայն բացի ներկայիս իշխանություններից նախկին որևէ իշխանություն չի բավարարել մեր երկրին ներկայացված գրեթե բոլոր նախապայմանները և չի հրաժարվել Հայաստանի կարմիր գծերից։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում անշուշտ կարևոր նշանակություն ունի հայ-թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել է 30 տարի առաջ՝ 1993 թվականին, երբ հայկական ուժերն Արցախում զգալի հաջողություններ արձանագրեցին և ազատագրեցին Քարվաճառի շրջանը։ Սա նախկին ԼՂԻՄ-ի կազմից դուրս գտնվող երկրորդ խոշոր շրջանն էր, որի նկատմամբ հայկական ուժերը վերահսկողություն էին սահմանում, սակայն եթե առաջինի՝ Բերձորի դեպքում Թուրքիայի արձագանքը բավականին զուսպ էր, քանի որ թուրքական կողմը նույնպես ներքին գիտակցում ուներ, որ Հայաստանի և Արցախի միջև պետք է ցամաքային կապ ապահովվի, ապա Քարվաճառի ազատագրումից հետո արձագանքը բոլորովին այլ էր։ Թուրքիան դիտարկում էր ընդհուպ մինչև Հայաստանի դեմ հարձակում գործելու հնարավորությունը, որը կանխվեց բացառապես ռուսակն կողմի գործուն միջամտության արդյունքում։
Ինչևիցե 2021 թվականի վերջից մեկնարկած հայ-թուրքական կարգավորման ներկայիս գործընթացի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ առաջիկայում պետք է հայ-թուրքական սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Չնայած կողմերը որոշակի քայլեր ձեռնարկել են այս ուղղությամբ, այնուամենայնիվ մեկ տարի անց սահմանը շարունակում է փակ մնալ անգամ այն շրջանակների համար, որոնց համար նախատեսվում է բացել այն։ Միևնույն ժամանակ նշենք, որ այս թեմայով պարբերաբար Երևանից և Անկարայից հայտարարություններ են հնչում, որ կողմերը պատրաստվում են վերոհիշյալ պայմանավորվածության իրականացմանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են. այնտեղ մոդուլային տաղավարներ կկառուցվեն։
Հայաստանի իշխանությունները և վերջիններիս կից քաղաքական և փորձագիտական շրջանակները պնդում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը զգալիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և այլն։ Այլ կերպ ասած բնակչության փորձ է կատարվում հրամցնել «Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո լավ ենք ապրելու» թեզը։
Սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է դիտարկել, թե ում է ձեռնտու հայ-թուրքական սահմանի բացումը, և ով դրանից վնասներ կկրի։ Անշուշտ հայ-թուրքական սահմանի բացումից Հայաստանը որոշակի օգուտեր կունենա։ Մասնավորապես սահմանների բացումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա Թուրքիայից ներմուծել այդ երկրում արտադրվող և բավականին մատչելի արժեք ունեցող ապրանքների լայն տեսականի, որոնք հայկական շուկայում բավականին մատչելի գին կունենան և մատչելի կլինեն շարքային քաղաքացիների գրպանի համար։ Բացի այդ սահմանների բացումից հետո տեղի կունենա թուրքական կապիտալի ներհոսք, ինչը Հայաստանի համար որոշակի տնտեսական աճ կապահովի, սակայն նաև լուրջ խնդիրներ կառաջացնի։
Նկատենք, որ թուրքական կապիտալի ներհոսքը ճնշելու է հայ տնտեսվարողներին, ինչպես նաև հանգեցնելու է մի շարք հայկական բիզնեսների փակմանը և այլ խնդիրների առաջացմանը։ Բացի այդ ՀՀ բնակչության մի զգալի հատվածը զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ թուրքական գյուղմթերքն ունի բավականին էժան գին, և հայկական շուկա ներմուծվելու պարագայում այն տեղական արտադրանքից մի քանի անգամ ավելի էժան կլինի ու մրցակցությունից դուրս կթողնի տեղական արտդրողին։
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ չնայած որևէ մեկը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ կարծում ենք, որ դա չպետք է տեղի ունենա թուրքական բոլոր նախապայմանները բավարարելու գնով։ Ինչ վերաբերում է վերոհիշյալ խնդիրներին, ապա Հայաստանը նախքան հարաբերությունների լիարժեք կարգավորումը և սահմանների բացումը, պետք է մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացնի, որոնք կկարողան զսպել հնարավոր ռիսկերի մի մասը, ինչպես նաև կապահովագրեն հայ արտադրողների շահերը։
Կարծում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացումից և երկու երկրների միջև ուղիղ բեռնափոխադրումների գործարկումից հետո հետո կկրճատվի ապրանքների ճանապարհին գտնվելու ժամանակը, վառելիքի ծախսերը և կավելացնի արտահանման ծավալները։ Սրա արդյունքում հայկական փոխադրողները ստիպված չեն լինի տարանցիկ փոխադրման համար վճարել երրորդ երկրներին՝ մասնավորապես Վրաստանին։
Այսպիսով կարող ենք փաստել, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից առաջին հերթին տուժելու է գյուղացիությունը, որը կազմում է Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի մեծամասնությունը։ Եթե ոչ երկրի շահերը և տեղական արտադրողի իրավունքները պաշտպանելու, ապա առնվազն իր ընտրազանգվածի մեծամասնության աջակցությունը չկորցնելու համար Փաշինյանը և իր քաղաքական թիմը նախքան Թուրքիայի հետ սահմանների բացումը պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարեն, որոնցով կապահովեն հիշյալ մարդկանց շահերը, ինչպես նաև հայկական գյուղմթերքը չի կորցնի իր մրցունակությունը։
Չնայած չենք բացառում, որ եթե նույնիսկ իշխանություններն այս քայլերը չձեռնարկեն, որոնց հետևանքով հայկական գյուղմթերքը կկորցնի իր մրցունակությունը, դուրս կմղվի շուկայից, գյուղացիության մի զգալի մասը կշարունակի աջակցել Փաշինյանին՝ պնդելով, որ «Փաշինյանը որևէ բան անել չէր կարող, ամեն ինչում նախկիններն են մեղավոր»։ Դատելով վերջին համապետական և ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, որոնցում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը առավել խոշոր ձայներ էր ստացել հենց գյուղական բնակավայրերում՝ կարծում ենք, որ այս թեզը շարունակում է կենսունակ լինել և ապահովել իշխանության համար ցանկալի արդյունքնր։
Իսկ հայ-թուրքական սահմանի բացումից առավելապես կշահեն գործարար շրջանակերը, ինչպես նաև միջին և փոքր բիզնեսով զբաղվող անձինք, որոնք բաց սահմանների դեպքում հնարավորություն կունենալ ավելի մատչելի պայմաններով գործարքներ կնքել, առևտուր իրականացնել, ինչպես նաև գերշահույթ ստանալ։