ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի․ Փաշինյան
copy image url

ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի․ Փաշինյան

Ներքին 1 տարի առաջ - 20:48 28-01-2024
ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

«Հարգելի ներկաներ,

Մենք պետք է վերանայենք նաև անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները:

Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը:

Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով: Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը:

Այս ձեռքբերումների ու ներդրումներ անելու հնարավորության համար ուզում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնք գործնականում են իրագործում 2018 թվականին մեր կողմից առաջարկված «հարստացիր և հարստացրու» կարգախոսը: Եվ պիտի արձանագրեմ, որ 2023 թվականի բյուջեի հարկային եկամուտները, արդեն իսկ փաստացի կատարված, 2017 թվականի բյուջեի եկամուտների համեմատ ավելի են եղել շուրջ 2,5 միլիարդ դոլարով: Եվ ահա այս գումարներով է նաև իրականացվում բանակի, զինված ուժերի բարեփոխումը:

Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց ոչ միակ գործոնը: Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային երկու գործոն ևս պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից:

Լեգիտիմությունն, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն պիտի լինի: Ի՞նչ նկատի ունեմ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից, և մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ: Արդեն ասացի, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը:

Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:

Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից։

Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:

Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:

Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բանակի բոլոր այն զինծառայողներին, ովքեր անբասիր են, պրոֆեսիոնալ ու հավատարիմ Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդումին:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանը:


Վարչապետ Փաշինյանը Բանակի օրվա առթիվ, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում