Ուղիղ եթեր
Անուշին «համոզել է» ներդրում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կերպարը ևս օգտագործվել է խաբեբաների կողմից. JAMnews
copy image url

Անուշին «համոզել է» ներդրում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կերպարը ևս օգտագործվել է խաբեբաների կողմից. JAMnews

Ներքին 1 տարի առաջ - 14:05 25-01-2024
Համացանցային խաբեբաները Հայաստանի դյուրահավատ քաղաքացիներից գողացել են կես միլիոն դոլար։ Խարդախության հեղինակները նեյրոցանցերի միջոցով ստեղծում են գովազդային տեսահոլովակներ, որոնցում հայտնի մարդիկ կոչ են անում գումար ներդնել տարբեր նախագծերում և բաժնետոմսեր գնել։

Անձնական պատմության, տեղեկատվության անվտանգության փորձագետի և հոգեբանի հետ զրույցների միջոցով փորձել ենք պարզել՝ ովքեր և ինչու են խարդախների զոհը դառնում, գրում է jam-news.net-ը։

Խարդախների զոհ են դառնում նաև գիտակ մարդիկ

«Այն, ինչ արել եմ, ուղղակի հիմարություն է։ Ամաչում եմ այդ մասին պատմել, որովհետև միշտ վստահ եմ եղել, որ իմ նման կիրթ, բանիմաց մարդը երբեք չի կարող այդքան էժան խաբեության զոհ դառնալ։ Բայց արի ու տես, որ դարձա»,– ասում է 38–ամյա Անուշ Կ․–ն։

Նա հասարակագիտություն է դասավանդում Տավուշի մարզի ավագ դպրոցներից մեկում։ Համոզված է՝ եթե իր աշակերտներն իմանան այս դեպքի մասին, կկորցնեն իր նկատմամբ հարգանքն ու վստահությունը․

«Հասարակագիտության շրջանակում նաև մեդիագրագիտություն եմ դասավանդում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծիծաղելի է, որ համացանցում անվտանգ վարքականոնից ամեն օր խոսում է մի մարդ, որն իր ունեցած գումարը գիտակցաբար փոխանցել է խաբեբաներին»։

Անուշը մեկն է այն հազարավոր քաղաքացիներից, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից տարածվող համացանցային խարդախության զոհն են դարձել։

Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ դյուրահավատ քաղաքացիներն արդեն իսկ կես մլն դոլարի «ներդրում» են կատարել գոյություն չունեցող ֆինանսական համակարգում։

«Նեյրոնային ցանցերի միջոցով խաբեբաները գովազդներ են մշակել, որտեղ հայտնի դեմքեր՝ քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր, կոչ են անում ներդրումներ կատարել տարբեր նախագծերում կամ ձեռք բերել բաժնետոմսեր՝ տարբեր ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Խաբեբաների զոհերը հիմնականում այն ​​մարդիկ են, որոնք չեն տիրապետում տեխնոլոգիաներին և համաձայնում են տրամադրել իրենց բանկային տվյալները»,– ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Անուշին «համոզել է» ներդրում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կերպարը ևս օգտագործվել է խաբեբաների կողմից։

«Ես գիտեի, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս կրկնօրինակել յուրաքանչյուր մարդու արտաքին տեսքն ու ձայնը։ Բայց վստահ էի, որ հնարավոր չէ ստեղծել այնպիսի տեսագրություն, որն ուղղակի չտարբերվի իրականից։ Տեսանյութում, որը ես եմ տեսել, Փաշինյանի ձայնը, միմիկաները, խոսքը, որևէ բանով չէին տարբերվում իրականությունից։ Հենց դա էլ իմ հիմնական սխալն էր՝ հավատալ նրան, ինչ տեսնում էի»,– պատմում է նա։

Սա այն հոլովակներից մեկն է, որ խաբեբաները տարածել են Ֆեյսբուքում




Ինչպես Անուշը «նվիրեց» խաբեբաներին ամուսնու մեքենայի ձմեռային անվադողերի գումարը

Տեսահոլովակը դիտելուց հետո Անուշն ուղղակի սեղմել է հոլովակի նկարագրության մեջ նշված հղման վրա։ Հեռախոսի էկրանին հայտնվել է էջ, որտեղ առաջարկվել է լրացնել անուն, ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար։

Ասում է՝ եթե հենց առաջին հղմամբ իրենից բանկային տվյալներ պահանջվեին, իր մոտ կասկած կառաջանար։ Անձնական տվյալները ներմուծելուց կարճ ժամանակ անց WhatsApp հավելվածի միջոցով զանգ է ստացել ոչ տեղական հեռախոսահամարից։ Անդրեյ անունով ներկայացած անձը ռուսերենով ներկայացրել է ներդրումներ կատարելու մանրամասները։ Անուշն ասում է՝ երիտասարդի խոսքը վստահություն չի ներշնչել, անջատել է զանգն ու չի պատասխանել հաջորդներին․

«Ինձ համար կասկածելի էր, որ հեռախոսազանգն արտասահմանից էր, այդ տղայի ռուսերեն խոսելը։ Մտածեցի՝ ավելի լավ է կասկածելի գործարքի մեջ չմտնեմ։ Բայց մի քանի ժամ հետո զանգեցին հայաստանյան հեռախոսահամարից։ Հայերենով ինձ հետ խոսեց երիտասարդ կին: Ասաց, որ ծրագիրը թույլ է տալիս նվազագույնը $300 ներդրում անել, ինչից հետո եկամուտներս զգալիորեն կաճեն։

Ասաց նաև, որ իրականում արժեթղթերից հասկացող մասնագետները մեր փոխարեն ներդրումներն ուղղում են այնպիսի արժեթղթերի գնման, որոնք հաշված օրերի ընթացքում վաճառում են 2-3 անգամ ավելի թանկ։ Իբր այդկերպ են գոյանում եկամուտները։ Համաձայնեցի, բայց որոշեցի չշտապել։ Հաջորդ 2 օրվա ընթացքում այդ կինն անընդհատ զանգահարում էր, հարցնում՝ ինչու չեմ կատարել ներդրումը։ Վերջին անգամ, երբ զանգահարեց, ասաց, որ օր օրի արժեթղթերի շուկան փոփոխվում է, չի կարելի հապաղել»։

Հետևելով կնոջ հրահանգներին՝ ուսուցչուհին լրացրել է կայքում իր բանկային տվյալները, ծանուցում է ստացել, որ քարտից գումարը վճարվել է։ Օրեր անց անհասանելի են դարձել Անուշի հետ կապ հաստատած հայկական և արտասահմանյան հեռախոսահամարները։

Խոստովանում է՝ սկզբում իր սխալի մասին ամաչում էր պատմել նաև ամուսնուն։ Բանն այն է, որ զեղծարարներին էր փոխանցել նրա մեքենայի ձմեռային անվադողերի համար կուտակած գումարը։
«Հետո ստիպված եղանք գնալ բանկ, բլոկավորել տվյալ քարտն ու դրա հետ կապված հաշիվները, նոր քարտ ստանալու համար դիմել, վճարում կատարել։ Որովհետև հասկանում էի՝ այդ քարտիս բոլոր տվյալներն արդեն իսկ խարդախների մոտ էին, և դրա վրա հայտնվող ցանկացած գումար անմիջապես փոխանցվելու է նրանց»,– ասում է Անուշը։

Ամուսնու հորդորով նա նաև դիմել է իրավապահներին։ Դիմումն ընդունել են և գործին ընթացք տվել։ Միևնույն ժամանակ, սակայն, Անուշին զգուշացրել են, նման կիբերհանցագործությունները բացահայտելը չափազանց բարդ է։ Խարդախների խմբերը գործում են տարբեր երկրներից, պաշտպանված կապի միջոցներով, ուստի նրանց հայտնաբերելը կամ տեղաշարժը վերահսկելը դժվար գործընթաց է։

«Զգոնությունը կփրկի»

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խարդախությունների հաջողության հիմնական պատճառը մանրակրկիտ կերպով մշակված գովազդներն են․

«Իրենք որակյալ տեսանյութեր են պատրաստում՝ հայտնի անձանց դեմքերով։ Հետո դրանք տարածում են ֆեյսբուքյան ու ինստագրամյան գովազդների միջոցով։ Շատերն ասում են՝ պիտի արգելափակել իրենց բոլոր էջերը, թույլ չտալ նորերը ստեղծել։ Բայց դա անհնար է, որովհետև գովազդները դրվում են անընդհատ փոփոխվող ու նույնիսկ կոտրած էջերի միջոցով։ Հետևաբար՝ մարդկանց փրկությունն այս խարդախությունից հենց իրենց զգոնությունն է»։

Փորձագետն ասում է՝ կան կարևոր նշաններ, որոնց առկայության դեպքում մարդիկ պետք է սկսեն կասկածել։ Օրինակ, երբ բոլորովին անծանոթ մարդիկ առաջարկում են ոչ մեծ ներդրում կատարել, բայց մեծ եկամուտ ստանալ։ Մարտիրոսյանի խոսքով՝ կամայական ներդրում կատարելուց առաջ պարտադիր է շուկան ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ տոկոսներ են առաջարկվում այդտեղ առհասարակ։ Խաբեությամբ զբաղվողներն առաջարկում են շատ ավելի մեծ տոկոսներ․

«Նորմալ բիզնեսներն առաջարկում են ներդրման դիմաց տարեկան 10-20% եկամուտ։ Իսկ եթե խոսքը գնում է շաբաթական 20, 30, 40 և ավելի բարձր տոկոսով ներդրումներ կատարելու մասին, հավատացած եղեք, որ դա խաբեություն է։ Հատկապես, երբ առաջարկողն անծանոթ է»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ