Ներքին 2 տարի առաջ - 15:50 19-01-2024

Ֆրանսիան պետք է իր վերաբերմունքը դրսևորի գործնականորեն

Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ` ստեղծելով նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններ։
Հիշեցնենք՝ բանաձևը նաև կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ նշելով, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։

Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված այս բանաձևին։ Այս առիթով Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց արցախյան «Հանրային հետազոտությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Հովիկ Ավանեսովից։

«Ֆրանսիայի Սենատում նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր է այն տեսանկյունից, որ փաստացի Ֆրանսիայի Սենատը ևս մեկ անգամ հաստատում է փաստը, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է և բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել հատկապես Արցախի նկատմամբ․ դրա վառ ապացույցը սեպտեմբերի 19-20-ի պատերազմի ընթացքում կատարված այն ցեղասպան գործողություններն են, որոնց հետևանքով Արցախը հայաթափվեց»,- նշում է Հովիկ Ավանեսովը։

«Կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերահաստատման փաստը․ մեկ անգամ ևս նշվում է, որ այն տարածքները, որոնք Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններն են՝ որևէ սակարկության ենթակա չէն։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ այս համատեքստում սա առաջին ընդունված բանաձևը չէ, ըստ այդմ՝ ոգևորվել պետք չէ, քանի որ որպես կանոն՝ նմանատիպ բանաձևերը մնում են «թղթի վրա» և որևէ կիրառական ազդեցություն չեն ունենում։ Ցանկալի է, իհարկե, այս բանաձևը լուրջ դիվանագիտական աշխատանք տանելով օգտագործել մեր շահերի սպասարկման տեսանկյունից, սակայն ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի իշխանությունները տարված են «խաղաղության օրակարգ» առաջ տանելով, ուստի բնական է, որ այս փաստաթուղթը որպես խաղաքարտ չեն օգտագործելու։

Իսկ, առհասարակ, նման բանաձևերն արդյունավետ կլինեն, եթե արարողակարգային ընթացակարգերից զատ՝ կոնկրետ գործողություններ պարունակեն, այսինքն՝ ոչ միայն թղթի վրա սահմանվի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, այլ նաև գործնականում կիրառվեն այդ պատժամիջոցները՝ ներդնելով տարբեր սանկցիաներ թե՛, օրինակ, տնտեսական, թե՛ ռազմարդյունաբերական ոլորտներում, բայց ամենակարևորը՝ խիստ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։ Քանի դեռ խնդիրը գործնական հողի վրա չի դրված, մենք բանաձևի առկայությունը պետք է ընկալենք միայն զգացաբար, քանի որ մարտահրավերները, որոնց առջև հիմա կանգնած է Հայաստանը, նման բանաձևերը չեն չեզոքացնի։ Ավելին, այժմ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկմանը շատ մոտ իրավիճակ է, և կրկնեմ՝ չպետք է տարվենք «թղթե շերեփի» գաղափարաբանությամբ, այլապես հայտնվելու ենք նույն իրավիճակներում, ինչ՝ տարբեր ժամանակներում, երբ կարևորություն ենք տվել նմանատիպ արարողակարգային փաստաթղթերին»,- եզրափակում է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի