Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:30 15-01-2024

Ագրարային համալսարանի ռեկտորի պահպանման ժամկետն անցել է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստ է սպասվում, որին էլ պետք է հաջորդի ռեկտորի ընտրությունը, սակայն գործընթացը արհեստական ձգձգվում է, քանի որ իշխանությունները որոշել են բուհը միավորել մեկ այլ բուհի հետ։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանություններն արդեն նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին, որին 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո նշանակել էին այդ պաշտոնում, արգելել են առաջադրվել որպես ռեկտորի թեկնածու։

Հիշեցնենք, որ Վարդան Ուռուտյանը Ագրարարային համալսարանում ռեկտոր միաձայն ընտրվել էր 2018 թվականի դեկտեմբերին։ Ի դեպ, թեև հոգաբարձուների խորհուրդն էր Ուռուտյանի օգտին քվեարկել և ընտրել ռեկտոր, խոսակցություններ կային, որ նա նշանակվել է անձամբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգով։

Ուռուտյանի և Հարությունյանի մտերմիկ հարաբերությունների մասին մամուլում բազմիցս է գրվել, այդ մասին խոսվել է նաև Ազգային ժողովի ամբիոնից։ Մասնավորապես 2019 թվականի փետրվարին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել էր Հարությունյան-Ուռուտյան հարաբերություններին։ «Պարոն նախարար, Ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որը օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն սահմանել է 855․000 դրամ աշխատավարձ, նախկին 554․000-ի փոխարեն, իր գործավարին էլ սահմանել է 190․000 դրամ աշխատավարձ։ Հիմա սա ի՞նչ է, բացահայտ կոռուպցիա է, բա ի՞նչ է»,- ասել էր Մարուքյանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ, վերջինս սակայն հեռախոսազանգերին չպատասխանեց։

Նշենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն նախորդ տարի հուլիսի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը բուհերը ներկայացնեն իրենց առաջարկները բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ։

Oragir.News-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ առաջարկ իրենք ներկայացրել են։ Մեզ պատասխանեցին, որ ինչպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, այնպես էլ մյուս պրոռեկտորները զբաղված են և օրվա ավարտին միայն կարող են նշված հարցին պատասխանել։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք նաև, թե երբ են տեղի ունենալու ռեկտորի ընտրությունները։ ,

«Մինչև հունվարի վերջը Հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունենալու, մրցույթ կհայտարարվի, Հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին արդեն ընտրությունը կլինի»,-պատասխանեցին ՀԱԱՀ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ագրարային համալսարանի տեղանքին դեռ 2022 թվականին էր անդրադարձել․ «Այն, որ մենք կարող ենք Պլանի գլխի վրա գյուղատնտեսական ակադեմիա ունենալ, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է։ Ագրարային համալսարանը ոչ թե պետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի: Մենք Պլանի գլխին Ագրարային համալսարան ենք սարքել, դրա համար էլ մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում-գալիս: Այդ ամենը պետք է փոխվի»,- 2022 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի