Օլիմպիական մեդալները «Ֆոտոն» վարժարանի այցեքարտն են

Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 15-01-2024
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Oragir.News-ը, Ղազախստանում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայում «Ֆոտոն» վարժարանը միանգամից 2 մեդալի է արժանացել. XII ֆիզմաթ դասարանի աշակերտ Դավիթ Բադիշյանը արժանացել է բրոնզե մեդալի ինֆորմատիկա առարկայից, իսկ վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանը՝ ոսկե մեդալի ուսուցիչների միջազգային լիգայում:

Այսօր՝ հունվարի 15-ին, վարժարանում մեծ շուքով դիմավորեցին օլիմպիական թիմին, այդ թվում՝ բրոնզե մեդալակիր Դավիթ Բադիշյանին, վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ, օլիմպիական թիմի ղեկավար Մանյակ Մութաֆյանին:

Վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ «Ֆոտոնի» գոյության 28 տարիների ընթացքում օլիմպիադաները և դրանց հաջողությունները վարժարանի այցեքարտն են դարձել.

«Վարժարանը ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային օլիմպիադաներում մշտապես ունեցել է հաջողություն: Մասնակցությունը եղել է մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից:

Ասեմ, որ հատկապես վերջին 4 տարիների ընթացքում միջազգային հարթակում մեր օլիմպիական հաջողությունները կրկնապատկվեցին»:

Վարժարանի տնօրենի վստահեցմամբ՝ մանկավարժական հանրույթը ջանք չի խնայում՝ այս ուղղությամբ աշխատելու:

«Կոլեկտիվին մաղթում եմ բարի աշխատանք, քաջառողություն, որ մենք կարողանանք հասնել օլիմպիական մեծ բարձունքների և մեր երկիրը, մեր քաղաքը և մեր փոքրիկ կրթօջախը աշխարհին ճանաչել տալ:
Թող հայոց դրոշը աշխարհի տարբեր բեմերում վեր բարձրանա, և մեր երեխաների ձեռքբերումները լինեն ի նպաստ մեր հայրենիքի:

Օլիմպիական թիմի ղեկավար, վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Մանյակ Մութաֆյանն էլ, Oragir.News-ի հետ զրույցում, հայտնեց, որ իր հաղթանակը ուսուցիչների միջազգային լիգայում ևս հատկանշական էր.

«Օլիմպիադայում առաջին կարգի արժանացած կին մասնակից չէին ունեցել: Ուրախացան, որ վերջապես եղավ մի կին հաղթող: Բավական հետաքրքիր ու լուրջ օլիմպիադա էր»:

Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դավիթ Բադիշյանն էլ ասաց, որ միայն դպրոցական գիտելիքներով անհնար է լուրջ արդյունքներ գրանցել.

«Այս տարի օլիմպիադայի խնդիրները ավելի բարդ էին, քան վերջին 2 տարիներին: Բարդությունը հետզհետե աճում է, քանի որ մասնակիցները նույնպես շատանում են»:

Զրույցի վերջում Կարինե Պետոյանն ասաց, որ օլիմպիական հաղթանակները մոտիվացիա են ստեղծում.

««Ֆոտոն»-ում սովորույթ կա. օլիմպիական հաջողության հասած բարձր դասարանի աշակերտը իր հետևից՝ ձեռքը բռնած, տանում է նաև կրտսեր աշակերտներին:

12-րդ դասարանցիները հունվար ամսին միասնական քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո օլիմպիական խմբակներում աշխատում են կրտսեր դասարանների աշակերտների հետ՝ իրենց՝ որպես դիմորդի օլիմպիական գրագիտության փորձը փոխանցելով:

Սա բոլորիս ուրախությունն է և բոլորիս ուժ է տալիս, ձգտում է առաջացնում՝ շարունակելու այս վեհ գործը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է