SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 19-ին ֆոտոռեպորտաժ է հրապարակել «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի տարածքում տեղի ունեցած խոշոր հրդեհից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը արդեն համացանցում որոշ օգտատերեր մեկնաբանություններ էին գրում ու մեղադրում նշվապ ՍՊԸ-ի ղեկավարությանը, որ հրդեհի պատճառն անփութությունն է եղել, որ անուշադիր են գտնվել, ժողովրդի լեզվով ասած, «տիրություն չեն արել» ու կրակն իր «սև գործ»-ն է արել։ Ու մինչ համացանցում որոշ «վայ, ծակ պրոֆեսոր» օգտատերեր այդ հարցն էին քննարկում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ, ճիշտ և գրագետ աշխատանքներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշության հետևանքով է, այլ կատարվել է գողություն ու հետքերը թաքցնելու համար հրկիզել են ՍՊԸ-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Ս․ Ս․-ն, 19-ամյա Ա․ Հ․-ն և 17-ամյա Ս․ Ա․-ն մուտք են գործել նշված ՍՊԸ-ի մասնաշենք, կոտրել, տեղահան են արել և վնասել մի քանի սենյակներում առկա գույքը, դռները, կահույքը ու դրա ապակիները և համակարգիչները, իսկ նույն վայրից գողացել են մի քանի համակարգիչներ, հեռադիտակ և այլ իրեր ու այդ ամենն անելուց հետո Ս․ Ա․-ն հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է մասնաշենքը, ինչի հետևանքով 4 աշխատասենյակների գույքն ամբողջությամբ այրվել է ու, եթե հրդեհի օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները օպերատիվ չգործեին ու չկանխեին կրակի տարածումը, ապա ամբողջ շենքը վերածվելու էր մոխրակույտի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են ոչ միայն կասկածյալներին, այլև այնտեղից գողացված գույքը։
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրանց և գողացված ապրանքները ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։