Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ պրագմատիկ հաշվարկներ է անում և համարում է, որ ՀՀ-ում ծնվածն այլևս արցախցի չէ, և հետևաբար, բռնի տեղահանված արցախցու ընտանիքում ծնված նորածինը չի հանդիսանում ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունների շահառու։
Իհարկե, մի փոքրիկ խնդիր կա․ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը օրերս տված հարցազրույցում նշել էր, որ ՀՀ-ում ծնված նորածնի առումով կողմնորոշիչը ծնողի աջակցությունների շահառու լինելն է, այսինքն՝ եթե նորածնի ծնողները աջակցության շահառու են իբրև թե պետությունը նորածնին ևս համարելու էր շահառու։
«Այս դեպքում, ինչո՞ւ 40+10 բնակվարձի և կոմունալների համար տրամադրվող աջակցության օնլայն հարթակը հնարավորություն չի տալիս մուտքագրելու համակարգ նորածնի տվյալները (ծնողների հաշվառումը ծնվելու պահին Արցախ է)»,-
Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է Զինա Գասյանը, ով անձամբ է առնչվել խնդրին։
«114 թեժ գծից մերժում են նորածնիս շահառու լինելու հանգամանքը՝ տալով «դասական» պատասխան. ծնվել է ՀՀ-ում, 100 000 աջակցության ծրագրի շահառու չի հանդիսանում»,- ասում է Զինան։
Oragir.News-ը փորձել է պարզաբանում ստանալ Սոցապնախարարությունից, բայց դեռևս փորձերը եղել են զուր։