Դիլետանտի գաղափար է․ հիմնի խնդիրներով Սոֆի Դևոյանը չպետք է զբաղվի
copy image url

Դիլետանտի գաղափար է․ հիմնի խնդիրներով Սոֆի Դևոյանը չպետք է զբաղվի

Ներքին 1 տարի առաջ - 21:20 16-12-2023
Օրերս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը Հ1-ի եթերում ցուցադրվող «Կերպարից դուրս» հաղորդաշարի հյուրն էր, որի ընթացքում մի քանի հակասական հայտարարություն է արել, որն ակտիվորեն քննարկվում է համացանցում և օգտատերերի կողմից որակվել է որպես անգրագիտություն։

«Մեր լեզվի մեջ ինչքան ցավ կա՝ ամուսնա-ցավ,հարստա-ցավ, հիվանդա-ցավ, երջանկա-ցավ, սաղ ցավ ա։ Մեր հիմնը ես չեմ ընկալում և շատ կցանկանայի մեր հիմնը փոխվեր, որպեսզի փոխվեր մեր երկրի էներգետիկան։ Հիմնը միշտ պետք է տանի բարձրունք, վերելք»,- ասել էր Դևոյանը։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ, ով ներկայացրել է նաև հիմնի վերաբերյալ իր տեսակետը։

«Հայ մշակույթին մեծ ծառայություններ մատուցած Սոֆի Դևոյանի գաղափարը համարում եմ դիլետանտի արտահայտած գաղափար։ Հիմնի մասին բանավեճեր միշտ եղել են․ եղել են գաղափարներ, որոնք մտածելու տեղիք են տվել և գաղափարներ, որոնք աբսուրդի ժանրից են եղել»,- ասաց Սրապիոնյանը։

Գրականագետի խոսքով՝ հիմնը որոշում է պետության նկատմամբ յուրաքանչյուրի ընկալումը և այդ հիմնը ժամանակին ընդունել են բավականին պատկառելի իմացության տեր մարդիկ, որոնց վարքագծի և հայրենասիրության վերաբերյալ կասկածներ չկան։

«Եթե անկեղծ ասենք հիմնի այդ տեքստով ոգևորված չեմ եղել, քանի որ որպես գրականագետ Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը Մերկանտինի բանաստեղծությունն է՝ նվիրված Իտալիայի ազատագրական շարժմանը, և, փաստարկում են նաև ուրիշները, որ այդ տեքստը չպետք է ընկներ մեր հիմնի հիմքում։

Սակայն ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնում՝ ասելով՝ այն ճի՞շտ է, թե՞ ոչ։ Դեռ Առաջին հանրապետության գոյության տարիներին դա եղել է մեր հիմնը, որն արտացոլում է մեր ավանդույթը պահելու յուրօրինակ միջոցը։ Իսկ այդ ամենը ժխտելու իրավունք բնականաբար չունես այն էլ, երբ դու մասնագետը չես։ Այլ բան է, երբ այդ մասին արտահայտվես թեյականորեն որպես առաջարկ, այլ բան է, երբ համոզվածությունդ փաթաթում ես մարդկանց պարանոցին»,- նշեց գրականագետը։

Սերժ Սրապիոնյանի համոզմամբ՝ Սոֆի Դևոյանը չպետք է զբաղվի հիմնի խնդիրներով՝ այն պարագայում, երբ երկիրը գտնվում է լինել-չլինելության դժվարին ընտրության առաջ։ «Նման պարագայում այդպիսի խնդիրը դարձնել քննարկման առարկա մեղմ ասած բարոյական չէ»,- հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ են այս ամենը ցուցադարում, ի՞նչ են ակնարկում ներկայիս իշխանությունները, Սրապիոնյանը պատասխանեց.

«Ես շատ լավ եմ ճանաչում ներկայիս իշխանություններին, ովքեր հնարավորինս ամեն ինչ անում են մեր թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար։ Ես հակված եմ կարծելու, որ Սոֆի Դրոյանը արտահայտել է որոշակի կարծիք, քանի որ հիմնի և զինանշանի խնդիրն այս մարդիկ իրենց իշխանության աթոռները զավթելուց անմիջապես հետո են դրել շրջանառության մեջ և բոլոր միջոցներով դա դարձնում են առաջնայինն խնդիր՝ փորձելով հիշողությունից ջնջել այն հաղթանակները, որը մեզ տրվել է ազգային ազատագրական շարժման միջոցով։

Կարող եմ ասել, որ սա հստակ ծրագիր է, որին Սոֆի Դևոյանը գիտակցաբար, թե անգիտակցաբար մասնակցություն ունեցավ՝ նրանց ջրաղացին ջուր ավելացնելով»։

Աննա Ուդումյան