Ներքին 2 տարի առաջ - 10:00 16-12-2023

2 եղբայրներս գնացին բենզալցակայան, բայց չվերադարձան. հրաշքի ենք սպասում․ արցախցի

Սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած արհավիրքը մի քանի վայրկյանների ընթացքում խլեց ավելի շատ երիտասարդների կյանք, քան սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմը։

Ցավոք, այդ չարաբաստիկ օրվանից ամիսներ են անցել, բայց առայսօր պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 22 մարդ։ Նրանցից շատերի ծնողները հոգու խորքում հույս են փայփայում, որ հրաշք տեղի կունենա, միգուցե իրենց որդիները շրջանառվող լուրերի համաձայն գտնվում են ադրբեջանական բուժհաստատություններում։

Այդ տղաներից են նաև եղբայրներ Բորիս Հովսեփյանն ու Ռաֆայել Գաբրիելյանը, ովքեր փրկվեցին սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից, սակայն զոհ գնացին իշխանությունների անտարբերությանն ու անգործությանը։

«Տղաները Մարտակերտում էին, երբ սկսեց պատերազմը։ Իսկույն կամավորագրվեցին, ինչպես որ արել էին 2020 թվականի պատերազմի օրերին, սակայն չհասցրեցին նույնիսկ դիրքեր բարձրանալ»,- Oragir.News-ի հետ պատմում է տղաների եղբայրը՝ Մհերը, ով այդ օրերին կորցրել էր նաև մորեղբորը։

Ընտանիքը ծանր ապրումների մեջ էր, քանի որ չէին կարողանում դիրքերից իջեցնել զոհված մորեղբոր դիակը:

«Սեպտեմբերի 23-ին վերջապես բացվեց Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը։ Մենք Ստեփանակերտ եկանք ամսի 24-ին ու այդտեղից սկսեցինք քեռուս դիակի որոնումները։ Երբ դիրքերից իջեցրել ենք նրա մարմինը, արդեն հարկադրված որոշել էինք բոլորի պես բռնել գաղթի ճանապարհը»,- պատմում է մեր զրուցակիցը։

Ինչպես հազարավոր արցախցի ընտանիքներ, Հովսեփյանների ընտանիքը ևս վառելիքի ձեռքբերման համար գնացել էր Հայկազովի բենզալցակայան։ Երկու եղբայրներով գնացին, բայց հետ չվերադարձան:

«Անմիջապես շտապեցի դեպքի վայր, սկսեցի փնտրել եղբայրներիս, զանգեցի, զանգերը մնացին անպատասխան։ Վազեցի հիվանդանոցներ մեկ փնտրելու, ուր ասես, որ չեմ եղել, բայց ոչ մի տեղ չեմ գտել»,- ասում է Մհերը, ում ընտանիքն առայսօր փնտրտուքների մեջ է՝ հրաշքի հուսով։

«Մենք դատաբժշկական փորձաքննության համար թեստ էլ ենք հանձնել։ Ո՛չ Բոկայից և ո՛չ էլ Ռաֆոյից համընկնում չի եղել, իսկ մենք բոլորս սպասում ենք հրաշքի»,- ասում է եղբայրը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը