Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:11 15-12-2023

Ժաննա Անդրեասյանը Կանադայի դեսպանին է ներկայացրել ՀՀ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ: Կարևորելով Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին դեսպան՝ Էնդրյու Թըրներն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել ինչպես մասնագիտական կրթության ու ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ակադեմիական քաղաքի նախագծին՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է նոր ենթակառուցվածքի ստեղծում՝ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների համար արդիական միջավայր ապահովելու նպատակով։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ առանձնացնելով հատկապես կինոարտադրության ուղղությունը: Նախարարը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնք համատեղ ծրագրերի համար արդյունավետ պայմաններ են ստեղծում:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանի պատվիրակները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացնում են Հայաստանի՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերն ընդունելու հայտը:

«Ֆրանկոֆոնիայի խաղերի միջոցով հանրահռչակվում են ֆրանկոֆոն երկրների արժեքները ժողովրդավարության ու խաղաղության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ բարդ ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և օժանդակության համար:

ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ Կանադան աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և կարևորում միջմշակութային երկխոսությունը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգին՝ շեշտելով, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել հայկական մշակութային ժառանգության ներկա իրավիճակը։ Նախարարն ասել է, որ 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց պաշտպանության խնդիրն առավել սրվել է սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո:

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում կարևոր է, և կանադական կողմն այս առումով պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսանողների կրթության իրավունքի իրացմանը, ուսուցիչների աջակցության և վերապատրաստման ծրագրերին։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց