Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:30 09-12-2023

Ucom-ը պարզագույն խաբեությամբ բաժանորդներից գումարներ է կորզում

Չնայած հեռահաղորդակցության ոլորտում տարիներ շարունակ իրականացվող բարեփոխումներին, այնուամենայնիվ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացնում են քաղաքացիների զայրույթը։ Այս համատեքստում կարող ենք նշել, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների հանդեպ կան բազմաթիվ դժգոհություններ, թեև բոլոր ընկերություններն էլ պնդում են, որ իրենց մատուցած ծառայությունները ոլորտում լավագույնն են։

Մասնավորապես Ucom-ը վստահեցնում է, որ Հայաստանում մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները․ համենայնդեպս այդպես է նշված ընկերության պաշտոնական կայքում։ Ընկերությունից նաև հայտնում են, որ Ucom-ը բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում:

Ընկերության պաշտոնական կայքի պնդմամբ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

Մասնավորապես Oragir.News-ի խմբագրություն դիմած քաղաքացին հայտնեց, որ ցանկացել է օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող Level Up փաթեթից, որի բոլոր սակագնային պլանները ներառում են նաև uMediaroom ծառայությունը, որի միջոցով հնարավոր է օգտվել առաջարկվող բոլոր հեռուստաալիքներից՝ հավելվածը ներբեռնելու միջոցով։



Քաղաքացին որոշել է օգտվել փաթեթից, վճարումը կատարել և ակտիվացրել է այն, սակայն, երբ վճարումը կատարելուց հետո փորձել է ներբեռնել uMediaroom հավելվածը չի կարողացել, քանի որ հավելվածը հասանելի չէ բաժանորդի բջջային սարքի համար, քանի որ նախատեսված է Android-ի ավելի հին տարբերակների համար։


Oragir.News-ի հետ զրույցում Ucom-ից պարզաբանեցին, որ ներկայումս բարելավման աշխատանքներ են կատարում, որպեսզի բոլոր տեսակի օպերացիոն համակարգերով և ենթատեսակներով հնարավոր լինի օգտվել ծառայություններից։ Մեր հարցին, թե ե՞րբ են նախատեսում աշխատանքները ավարտել, քանի որ քաղաքացիներից փաստացի գումարներ են կորզում և համարժեք ծառայություն չեն կարողանում մատուցել, ընկերության աշխատակիցը հսպակ ժամկետներ չնշեց՝ ասելով, որ հնարավոր է երկու օրից, սակայն չի բացառվում, որ աշխատանքները շարունակվեն մի քանի ամիս։

Այսպիսով՝ Հայաստանի լավագույն բջջային օպերատորի կոչմանը հավակնող ընկերությունը պարզագույն խաբեբաության միջոցով գումարներ է կորզում բաժանորդներից և չի տրամադրում խոստացված ծառայությունները։ Հուսով ենք, որ հաջորդ անգամ՝ նախքան իրենց կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի մասին պնդումներ անելը, ընկերությունը կկարգավորի վերոհիշյալ խնդիրը և կտրամադրի խոստացվող ծառայությունները, կամ գոնե բաժանորդներին նախապես կտեղեկացնի, որ հնարավոր է գումարը վճարելուց հետո հիշյալ ծառայությունից չկարողանան օգտվել։