«Գովերգած՝ խաղաղության խաչմերուկ, հայկական խաչմերուկ, երկաթուղու բացում, որ ասում եք՝ օգուտ կտա, ինչի՞ հիման վրա եք ասում, խնդրում եմ ներկայացնել հաշվարկները»,- դիմելով Կառավարությանը՝ հարց հնչեցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Փաշինյանն ասաց՝ կան հաշվարկներ, կարող են տրամադրել. «Երկրորդ, խաղաղության խաչմերուկը՝ միայն տնտեսական հաշվարկ չէ, այն շատ ավելի ընդարձակ ու շատ ավելի համապարփակ նախագիծ է»։
Փաշինյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ «Մինչև պատերազմը ի՞նչ հիմնավորում կար 1,7 մլրդ գումար հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարայով, դեպի Վանաձոր, դեպի Վրաստանի սահման ճանապարհ կառուցելու, երբ հայ-թուրքական երկխոսություն չկար, երբ կոմունիկացիաներ բացելու եռակողմ համաձայնագիր չէր ստորագրվել»:
Փաշինյանը նշեց, որ այդ ճանապարհները ՀՀ-ինն են, տասնյակ բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում. «Նույնն է, որ այդ նույն տրամաբանությամբ հարցնեք՝ ի՞նչ կարիք կար Երևան-Սևան-Իջևան, Բերդ կամ Գորիս կամ Կապան ճանապարհը կառուցելու: Բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք: Էլի էն դեղին ժիգուլու պատմությունն է, ուզում եմ հարցի ենթատեքստը հասկանամ, ուզում եմ լսել ձեր պատասխանի տարբերակները՝ պատասխան ա, բ, ի՞նչ տարբերակ կա, ուզում եմ հասկանամ: Մտածողության ֆորմուլան եմ ուզում հասկանամ, չեմ կարողանում: Բոլոր ճանապարհները նորոգվում են, որովհետև դրանք ՀՀ ճանապարհներն են և շարունակվելու են նորոգվել»:
Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյան, դեղին ժիգուլին որտեղ է՝ չգիտեմ, նաեւ չգիտեմ, թե որտեղ է այն կանաչ ժիգուլին, հիշո՞ւմ եք՝ 02-ը, որը բրդում էր ձեր թիմը, ասում էին՝ սա հայկական տնտեսությունն է, նաեւ չգիտեմ այդ կանաչ ժիգուլին որտեղ է»: Փաշինյանն էլ պատասխանեց. «Կանաչը իր տեղում է, մեր կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանենց ժիգուլին է, լավ հիշեցրիք, մոռացել եմ հարցնել որտեղ է, պարոն Ալեքսանյանը կճշտի, մեր հարգելի ընդդիմադիրներին կտեղեկացնենք ժիգուլու գտնվելու վայրը»: