Երևան +24°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:30 02-12-2023

Լարսում մեկ կրակոցով չորս նապաստակ է խփվում  

Ասացվածք կա՝ «Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի է ուժեղացնում»։ Նմանապես կարելի է ասել, որ եթե Լարսի ճնգնաժամի հետևանքով հայկական տնտեսությունը մահացու կորուստներ չունենա, ապա ավելի կուժեղանա և ավելի կշահի ճգնաժամը հաղթահարելուց հետո։ Ի՞նչ կարող են շահել ՀՀ-ն և հայ արտադրողը ճգնաժամը հաթահարելու արդյունքում։

Սա առաջին դեպքը չի, երբ ՌԴ-ի հետ կոնֆլիկտ ունեցող երկրների գյուղմթերքի առաջ փակվում են ռուսական շուկաները։ Այսօրինակ քաղաքական դեմարշն ունի նաև տնտեսական էֆեկտ, որը պակաս կարևոր չի։ Մասնավորապես՝ հայկական գյուղմթերքի առաջ արգելքներ սահմանելով, ռուսական պետությունը ժամանակավորապես պաշտպանում է տեղական արտադրողի շահերը, հեռացնելով ռուսական շուկայում մրցունակ հայկական արտադրության ապրանքները։ Փորձում է պաշտպանել նաև ռուս սպառողի առողջությունը, մերժելով ցածրորակ ապրանքների մուտքը։ Արդյունքում՝ռուս արտադրողը գուցե կօգտվի մրցակցության բացակայությունից՝ կցածրացնի տեղական ապրանքների որակն ու կբարձրացնի գինը։ Դրանից կտուժի ռուս սպառողը, իսկ հայկական ապրանքի պահանջարկը կաճի։ Եվ երբ ճգնաժամը հաղթահարվի ու կրկին արտոնվի հայկական ապրանքների մուտքը, այդ ժամանակ դրանք կվաճառվեն ռուսական շուկայում արդեն բարձրացված գներով և ավելի շահույթ կբերեն գործարարներին։ Այդպես եղել է վրացական գինիների պարագայում։

Մինչ լարսի ճգնաժամը ռուսական շուկա մտնելու արտոնություն ունեցող հայ գործարարը առիթը բաց չէր թողնում փառաբանելու հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունը, չէր խորշում ռուսամետ դիրքորոշում հայտնելուց, քանի որ իր ցածրորակ ու թերի փաստաթղթավորված ապրանքն անարգել, արտոնյալ պայմաններով սպառվում էր այդ երկրում։ Լարսի ճգնաժամը փոխեց հայ գործարարի վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Կարելի է նաև հուսալ, որ ֆիտոստուգումներից լրջորեն տուժած արտահանողը դաս կքաղի՝ այսուհետ բծախնդրորեն կկազմի փաստաթղթերը և կբարձրացնի ապրանքի որակը։ Գուցե այնքան կբարձացնեն որակն ու պատշաճ կփաստաթղթավորեն, որ հայկական ապրանքի առաջ կբացվեն Եվրամիության երկրների շուկաների դռները։

Խնդիրը զուտ քաղաքական լույսի տակ քննելիս, ենթադրելի է, որ ռուսները միտումնավոր են ճգնաժամ ստեղծում, որ ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու առիթ ունենա։ Այս վարկածը գոյության իրավունք ունի, քանի որ վերջին շրջանում ակտիվացել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության ծրագրերը, եվրոպական երկրների ներկայացուցիչների հայտարարությունները ՀՀ-ի հետ ավելի սերտ ու շահավետ գործակցության մասին։ Եթե լուրջ ընդունենք նաև ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները ՀՀ-ից ՌԴ-ի հեռանալու մասին, ապա Լարսում ստեղծված ճգնաժամը առիթ է ստեղծում, որ ՀՀ-ն կրճատի ՌԴ-ի, ԵՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները և նոր շուկաներ գտնի Եվրոպայում և Ասիայում։ Այս իրավիճակը ստիպում է, որ ՀՀ-ն ու հայ գործարարը լուրջ ու հետևողական քայլեր անեն և հայկական ապրանքի որակն ու փատաթղթավորումը համապատասխանեցնեն այդ նոր շուկաների պահանջներին ու չափանիշներին։

Ամփոփելով նկատենք, որ Լարսն անորակ ու թերի փաստաթղթավորված հայկական ապրանքների առաջ փակելը մեկ կրակոցով չորս նապաստակ խփելու էֆեկտ է ունենալու։ Ռուս սպառողը ռոսկոմնադզորին շնորհակալ կլինի, որ մտածում են իր առողջության մասին, ռուս սպառողը գոհ կմնա, որ ժամանակավորապես ազատվում է հայկական մրցակցությունից, հայ արտադրողն ու արտահանողը գյուղմթերքի որակը կբարձրացնեն և աշխարհը կիմանա ոչ միայն հայկական կոնյակի, այլև ելակի, լոլիկի, ձկների և այլ գյուղմթերքի մասին, իսկ ՀՀ-ն շնորհակալ կլինի, որ ԵՏՄ-ից դուրս գալու և այլ շուկաների դռներ բացելու առիթ կունենա։

Կարճ ասած՝ Լարսի ճգնաժամը հաղթահարելու և նման ճգնաժամերը շրջանցելու ուղիղ ճանապարհը հայկական ապրանքի որակի բարձրացումն է։ Այս ուղղությամբ լուրջ անելիք ունեն և՛ պետությունը, և՛ արտադրողը, և արտահանողը։ Եվ եթե խնդրին ուշադրություն դարձնեին երեկ, ապա Լարսի ճգնաժամն այսքան ցավոտ չէր լինի։

Թաթուլ Մկրտչյան