Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:00 01-12-2023

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Լեզվի կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում:

«Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանին:

Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Սա այն դեպքերից է, երբ նշանակումը կյանքի գործի շարունակություն է. նրա թե՛ կրթական, թե՛ հետազոտական, թե՛ մասնագիտական բազմաթիվ փորձառություններն ամբողջությամբ կապված են այն խնդիրների հետ, որոնց առնչվում է նաև Լեզվի կոմիտեն: Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը», – նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում:

Կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Նա ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում Լեզվի կոմիտեի գործունեությունը և դրա աշխատանքների առանձնահատկությունները:

Կոմիտեի նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարին ցուցաբերած վստահության համար: Նրա խոսքով՝ իր մասնագիտական փորձառությունը, ինչպես նաև վերջին տարիների հետազոտական աշխատանքներն են նպաստել առաջարկն առանց երկմտանքի ընդունելուն:

Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ:

«Ամերիկյան համալսարանում աշխատելուն զուգընթաց իմ հետազոտությունների բնույթը փոխվել է, և ինձ համար կարևոր է, որ հասարակական-մշակութային հարցերի վերաբերյալ իմ գիտական հետազոտությունները չմնան թղթի վրա, այլ հնարավոր լինի դրանք կիսել բոլորիդ հետ և ձեզ հետ միասին գտնել տարբերակներ՝ դրանք վերածելու գործնական և շոշափելի արդյունքների», – ասել է Սիրանուշ Դվոյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին և շեշտել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես լինելու է Լեզվի կոմիտեի կողքին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան