Ներքին 2 տարի առաջ - 13:21 28-11-2023

Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ

Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, հաշվեկշիռն ենք վերլուծում»,-ասաց նա։

Բաղրամյանը բացատրեց, որ այսօր շուկայի ազատականացում է տեղի ունենում, և արդյունքում, եթե խոշոր սպառողները դուրս են գալիս էներգետիկայի շուկայից և չկարգավորվող գներով են ձեռք բերում էներգիա, բնականաբար, որոշակի հաստատուն ծախսերի բեռ մնում է էներգոհամակարգում։ «Այդ բեռը կարող է ազդել կենցաղային սպառողների վրա, որոնք դեռևս մնում են կարգավորվող սակագների տակ»,-հավանական թանկացումն այսպես բացատրեց ՀԾԿՀ նախագահը։

Գարեգին Բաղրամյանը նշեց, որ կա էլեկտրաէներգիայի ավելի շատ առաջարկ, քան պահանջարկն է և 5-րդ էներգաբլոկն իր հզորությամբ աշխատում է սահմանափակ ամիսների, մյուս ամիսներին չի աշխատում, քանի որ կարիքը չկա։

Անդրադառնալով ջրի սակագնին՝ Բաղրամյանը նշեց, որ վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։

«Գործող 208,4 դրամ սակագինը նվազեցվում է մինչև 206 դրամ: Կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, ընդամենը սուբսիդիայի մեծությունը կփոխվի:

Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,- ասաց նա։