Գյումրիում վերջին շրջանում թափառող շներն ավելացել են, մարդկանց վրա հարձակումների մասին ահազանգերը՝ ևս։ Նոյեմբեր ամսվա ընթացքում Գյումրի բժշկական կենտրոն է դիմել շների հարակումից տուժած 9 քաղաքացի։ Չկա ոչ մի թաղամաս՝ լինի կենտրոնական, թե ծայրամասային, որտեղ թափառող և ագրեսիվ շներ չլինեն։ Գյումրեցիները քաղաքի շներին ոչ միայն դեմքով գիտեն, այլ նաև համակերպվել են՝ օրենքով ՀՀ քաղաքացուց ավելի պաշտպանված շների հետ կողք-կողքի ապրելու պարտադրանքին։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Գյումրիի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանի հետ։
«Այս պահին ստերջացումը միակ տարբերակն է, ապաստարաններ չկան, այս պահին մենք չենք կարող մեր բյուջեի միջոցներով լուծել ապաստարանների հարցը․․․ 30 մլն դրամ հատկացվում է ամեն տարի շների վնասազերծման համար, 500-600 շան համար։ Կոնկրետ այս տարի 2 կազմակերպություն է մրցույթը շահել, 30.000 դրամով մի կազմակերպությունն է շահել, 26.000 դրամով՝ մյուս կազմակերպությունը։ Երրորդ մրցույթն էլ է եղել, բայց պայմանագիրն ամբողջությամբ կնքված չէ, բայց ավելի էժան ենք վճարելու։ Այս պահին ավարտվել է «Արսեն Սումբուլյան» ԱՁ-ի կողմից իրականացվող գործողությունները։ Հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 1100-1200 շուն արդեն ստերջացվել է»,- հայտնեց Ոսկանյանը։
Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ շների հարձակումների մասին բնակիչներից ստացվող ահազանգերի թիվը պակասել է, բայց բողոքների բնույթը չի փոխվել։ Ոհմակներով շների հարձակումների կամ կծելու դեպքերը ծայրամասային թաղամասերում դեռ գրանցվում են։
Նշենք, որ եթե նախորդ տարի մեկ շան ստերջացումը գնահատվել է 27․800 դրամ, այս տարի մեկ շան ստերջացումը գնահատել են 29․900 դրամ։
Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը զրուցել է նաև Գյումրիի թաղամասերի բնակիչների հետ։
«Ես կենդանասեր եմ, բայց արդեն էս ամեն ինչը վտանգավոր է շատ։ Էն անգամ էլ ես մուտքից դուրս եկա, մի հատ շուն կար, շատ հանգիստ էր, անցնելիս վրա չէր տա, բայց մի անգամ անցնելիս վրա տվեց, անգամ վախեցա, որ կարողա ոտքս խածե, շատ անգամներ եղել է երեխեքին է վրա տվել։ Երեկոյան ուշ ժամի չենք կարող դուրս գալ տնից»,- ասում է Մուշ թաղամասի բնակիչներից մեկը։
Անի թաղամասի բնակիչներից մեկն էլ ասում է. «Շներին պտի տիրություն անեն, իսկ տիրություն էնելը ոչ թե ստերջացումն է կամ այլ եղանակները, այլ թափառող կենդանիներին պտի մի տեղ հավաքեն ու մեկուսացնեն»։
Գյումրիի Սավոյան փողոցի բնակիչներից մեկն էլ նեղսրտած ասում է. «Շները մարդուց շատ են, էս երկրում շները ավելի շատ պաշտպան ունին, քան մենք։ Անտանելի վիճակ է»։
Մանրամասները՝ տեսանյութում