Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:10 22-11-2023

Կապանի և Սենտ էտիենի համայնքապետները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Նոյեմբերի 20-21–ը պաշտոնական այցով Կապան համայնք է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Սենտ Էտիեն քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գաել Պերդրիյոյի գլխավորությամբ։ Համայնքի մուտքի մոտ հյուրերին աղուհացով դիմավորել են համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Նախքան հանդիպման պաշտոնական մասի մեկնարկը, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ պատվիրակությունը այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Այնուհետև տեղի է ունեցել Կապանի և Սենտ էտիեն համայնքների ղեկավարների առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Սենտ Էտիենի պատվիրակության կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուան, Սենտ Էտիենի հայկական համայնքի ներկայացուցիչներ՝ Վրեժ Խոսրովյանը և Պասկալ Դեմիրճյանը, «Ֆրանս–պրեսս» գործակալության լրագրող Դենիս Մեյնարդը, այդ թվում՝ քաղաքապետարանի և ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան համապատասխան ոլորտների ներկայացուցիչները։

Համայնքի ղեկավարը նախ ողջունել է Սենտ Էտիենի պատվիրակության այցը Կապան, ապա բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել Կապան համայնքի շահագրգռվածությունը՝ միջհամայնքային կապերը առավել խորացնելու և ամրապնդելու գործում:

«Այսօր մենք պատրաստակամություն ենք հայտնում օգտագործելու մեր բոլոր հնարավորություններն ու ներուժը՝ միջհամայնքային մեր հարաբերությունների կազմակերպման և ակտիվացման համար: Այս հարաբերությունները կարևորում ենք հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, քանի որ այսօր Սյունիքի մարզի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմագրավման գործում անգնահատելի է Ֆրանսիայի ժողովրդի ակտիվ աջակցությունը»,- ասել է Գ. Փարսյանը:

Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիյոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

«Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Սենտ Էտիեն-Կապան համագործակցությունը երկարատև կյանք է ունենալու, քանի որ այս պահից մենք երկուսս կրում ենք այդ համագործակցությունը ծավալելու և ընդլայնելու պատասխանատվությունը»,- ասել է Գաել Պերդրիյոն:

Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Պատվիրակության այցը նշանավորվել է շատ կարևոր և պատասխանատու իրադարձությամբ, Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի և Ֆրանսիայի Հանրապետության Սենտ Էտիեն քաղաքի միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին փաստաթղթի ստորագրմամբ, որով էլ պաշտոնապես ազդարարվել է համագործակցության մեկնարկը։ Կողմերը, շնորհավորելով միմյանց փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, փոխգործակցությանը մաղթել են հաջող ընթացք:

Կապան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը այցելել է նաև Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, Դավիթ Բեկ թաղամասի ակումբ–գրադարան, որտեղ նախատեսվում է ստեղծել նաև Ֆրանկոֆոնիայի կենտրոն՝ ի պատիվ հայ-ֆրանսիական, մասնավորապես Կապան-Սենտ Էտիեն քաղաքների ջերմ հարաբերությունների և ի նպաստ՝ ֆրանսերեն լեզվի զարգացման:

Պատվիրակության այցը Կապան եզրափակվել է Վահանավանքի վանական համալիր այցելությամբ։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին