Ներքին 2 տարի առաջ - 18:23 20-11-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երևանում նոյեմբերի 18-20 տեղի ունեցող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները:

«Այս տարի հայ-կանադական հարաբերություններն առանձնացան յուրահատուկ կերպով և նոր հաջողություններ արձանագրեցին, որոնցից ամենակարևորը Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումն էր, ես վստահ եմ, որ այն մեծ խթան կհանդիսանա մեր համագործակցության համար»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը նշել է, որ դժվարին պահերին Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Կանադայի աջակցությունը:

«Մեզ համար շատ դժվարին ժամանակներ են, և մենք այս ընթացքում ձեր աջակցության կարիքն ունեցել ենք, և այդ աջակցությունը ստացել ենք: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և հանձինս Ձեզ՝ Կանադայի իշխանություններին ակտիվ համագործակցության համար»,- ասել է նախագահը:

Լեո Հուսակոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Կանադայի և Հայաստանի միջև գոյություն ունի մեծ կապ, ակնհայտորեն առաջին հերթին ամենահզորը մարդկանց միջև կապն է: Երկրորդը՝ մեր հարգանքն ու գնահատանքն է ժողովրդավարության հանդեպ, մեր հանձնառությունը մարդու իրավունքներին, ազատությանը, օրենքի գերակայությանը»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև ներկայումս առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու խորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, այս համատեքստում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է կայուն և տևական խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հասնելու գործում Հայաստանի հստակ դիրքորոշումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական կայացման ու ամրապնդման գործընթացի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Հայաստանի և Կանադայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը