Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 17-11-2023

ՌԴ-ն սահմանակետերը վերահսկում է ՀՀ-ի համաձայնությամբ․ Աղազարյանը համաձայն չէ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Ավելին՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ընդգծեց, որ առաջնորդելու է Հայաստանի անկախության պահպանման շարժումը՝ բոլորին կոչ անելով աջակցել իրեն։

Սակայն երեկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը հայտարարել էր, որ 2020-ի հրադադարից հետո Ռուսաստանի զորքերը փաստացի երկու կարևոր սահմանակետ են վերահսկում Հայաստանից Ռուսաստան ճանապարհին։ Նրա խոսքով՝ դրանցից մեկը Զվարթնոց օդանավակայանն է, իսկ մյուսը՝ ցամաքային անցումը Հայաստանից Ադրբեջան։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ․

-Պարո՜ն Աղազարյան, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարեց, որ 2020 թվականից հետո ռուսական զորքերը Հայաստանում երկու կարևոր սահմանակետ են վերահսկում։ Ձեր համոզմամբ ինքնիշխանության ամրապնդման համատեքստում ավելի ճիշտ չէ՞ր լինի եթե ՀՀ-ն վերահսկեր այս ճանապարհները, այլ ոչ թե բոյկոտեր ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մակարդակով տեղի ունեցող հանդիպումները։

-ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները իրականացվում են ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, որը մասամբ պայմանավորված է նաև ՀՀ-Ռուսաստան երկկողմանի հարաբերություններով, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերված պարտավորություններով։

-Ի՞նչ եք կարծում Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ օդանավակայանը և այդ հաղորդակցությունները իր վերահսկողության ներքո վերցնելու համար։

-Քայլեր ձեռնարկելը կախված է մի շարք հանգամանքներից՝ հատկապես աշխարհաքաղաքական իրողություններից և երկկողմանի հարաբերություններից։ Սա մեկ օրում որոշելու հարց չէ, քանի որ շատ բաներ պետք է հաշվի առնել։ Հայաստանը իր աշխարհաքաղաղքական դիրքով՝ կդժվարանա միայնակ կարգավորել անվտանգային խնդիրները։

-Արդյոք ներկայիս իրավիճակում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն էլ ավելի չի՞ բարդացնում ավտանգային իրավիճակը։

-Մենք չենք սրում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պարզապես մեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականության այս կամ այն քայլը ռուսական որոշ շրջանակներ վատ են ընդունում։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրողությունը, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել էր Ուկրաինայի հետ՝ նշելով, Հայաստանը նույն քայլերն է ձեռնարկում, ինչ Ուկրաինան։

-Ես համաձայն չեմ Զախարովայի կարծիքի հետ, քանի որ մեր յուրաքանչյուր դիրքորոշում եղել է արձագանք՝ հաստատված իրողություներով։ ՀԱՊԿ-ը լինելով միասնական պաշտպանական համակարգ չգիտի, թե ինչպես պետք է հստակորեն սահմանվի Հայաստանի տարածքները։ Նման պարագայում պետք չէ, որ մենք գնանք և մասնակցենք ՀԱՊԿ-ի գագաթաժողովներին և հանդես գանք լուռ արձանագրողի դերում։ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները պետք է վերանայեն իրենց մոտեցումները։

-Ինչ եք կարծում Հայաստանը պե՞տք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։

-Չեմ բացառում, որ կարող է նման իրավիճակ ձևավորվել Հայաստանում։ Եթե ՀԱՊԿ-ի մեր գործընկերները կասկածի տակ դնեն Ջերմուկ քաղաքի պատկանելիության հարցը, ապա Հայաստանը անելիք չի ունենա ՀԱՊԿ-ում։ Ստեղծված իրավիճակում նրանք կասկածի տակ են դնում Ջերմուկ քաղաքի տարածքից մի քանի կիլոմետր այն կողմ ընկած տարածության պատկանելիության հարցը։ Ժամանակը և հարաբերությունների զարգացումները պետք է ճիշտ ճանապարհով գնան, սակայն եթե այդպես չընթանան ապա տեղի կունենա դիրքորոշումների հստակեցում։

Աննա Ուդումյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան