Արտաքին 2 տարի առաջ - 13:05 17-11-2023

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծը

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այս քվեարկությունը տեղի ունեցավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։

Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․ «Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»։

Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․ «Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում կանգնելու հայ ժողովրդի կողքին»:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայության։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին