Ներքին 2 տարի առաջ - 22:13 15-11-2023

Հայաստան-ԵՄ համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածվել քաղաքական և անվտանգային հարցերով նիստի արդյունքներով

Բրյուսելում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը, որի արդյունքներով կողմերը տարածել են համատեղ մամուլի հաղորդագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մամուլի հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում: ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) և սահմանների անձեռնմխելիությանը և ողջունել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել եվրոպական անվտանգային ճարտարապետության ներկայիս մարտահրավերներին: Այս համատեքստում խստորեն ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը:

Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:

Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:

Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված հայ փախստականների խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում` վերադարձի իրավունքը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի առումով կողմերը հույս են հայտնել, որ մինչ այժմ ձեռքբերված համաձայնությունները, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ, հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կկոչվեն:

Երկխոսության մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վիճակը, ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգության այլ մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում 2024թ.:

Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել