Ներքին 2 տարի առաջ - 22:24 13-11-2023

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Սիրիայում է

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար յուրահատուկ նշանակություն ու դերակատարում ունի: Նա գոհունակությամբ արձանագրել է Սիրիայի հետ ավանդական ջերմ եւ գործընկերային հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության եւ ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

«2019 թվականից ի վեր Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ականազերծել է գյուղատնտեսական նշանակության գրեթե 2.400.000 քմ տարածք, ինչպես նաեւ բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 60.000 բնակչի: Բացի այդ, Հայաստանը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ կանգնեց Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին՝ ուղարկելով մոտ 55 տոննա մարդասիրական բեռ»,- նշել է փոխխոսնակը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով: Մենք դա հնարավոր ենք համարում երկու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ճանապարհների ապաշրջափակումը մեր տարածաշրջանում կարող է ծառայել որպես Պարսից ծոցը Սեւ ծովին եւ Կասպից ծովը Միջերկրական ծովին միացնող մի խաչմերուկ, որին անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, կարեւորել Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ կառավարման հարցերից մինչեւ տնտեսական եւ մշակութային կյանքը:

Խոսելով խաղաղության մասին՝ նախագահ Սաբբաղն ընդգծել է, որ իրենք կիսում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարեւորությունը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսքենյանի եւ բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ խորհրդարանական կապերի խորացումը, որի գործում մեծ է բարեկամական խմբերի դերը՝ որպես օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժ:

Նախագահի տեղակալն ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերը լրացուցիչ խթան են հանդիսանում երկու երկրների փոխըմբռնման ու փոխվստահության ամրապնդման գործընթացին, ինչպես նաեւ միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսքենյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրվեն համատեղ օրակարգային հարցերը հասցեագրելու եւ երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի