Մշակույթ 2 տարի առաջ - 16:08 10-11-2023

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ից գործում է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

«Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել են հուշարձանի հարուստ հավաքածուից ավելի քան 150 ինքնատիպ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Ցուցասրահում ներկայացված են առարկաներ՝ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի Լճաշենի հնահասարակության կենցաղի, արհեստների, հոգևոր պատկերացումների, տեխնոլոգիական ձեռքբերումների և սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն:

Նշենք, որ Լճաշենի հնավայրը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են 1866 թվականից և շարունակվում են մինչ մեր օրերը։

Բազմաշերտ հուշարձանն աչքի է ընկնում իր միջնաբերդերով առանձնացված հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոցով, հիմնականում բրոնզեդարյան դամբանադաշտում: Հուշարձանն ուշադրություն է գրավում այստեղ հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ անվավոր փոխադրամիջոցներով (սայլեր, կառքեր), դրանց ուղեկցությամբ` առանձ­նաշնորհյալ կարգավիճակ ունեցող անձանց թաղումներով, առաջավորասիական երկրների հետ կապեր ցույց տվող առարկաներով (կնիք, զենքեր, խեցեղեն առարկաների ձևեր), մետաղագործական, խեցեգործական, փայտամշակության զարգացած ավանդույթներով:

Նշենք, որ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրության շրջանակում «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ պատրաստվել է ֆիլմ, իսկ առաջիկայում կհրատարակվի գիտական պատկերագիրք։

Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակային է նաև Հայաստանի պատմության թանգարանում օրերս անցկացված «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում: Գիտաժողովին մասնակից շուրջ երեսուն հայ և օտարազգի հետազոտողներ իրենց զեկույցներում հիմնականում անդրադարձել են մեզ հասած բրոնզեդարյան ուշագրավ ժառանգությանը։

Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև