Երևան +24°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:30 06-11-2023

Գյուղում կապ չկար, անհետ կորած էինք համարվում, որոշեցի քայլելով գնալ Ստեփանակերտ. արցախցի բժիշկ

«Արցախյան վերջին պատերազմը իր դաժանությամբ տպավորվել է, մարդիկ հյուծված էին, ո՛չ սնունդ կար, ո՛չ էլ բավարար դեղորայք»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Սվետլանա Հարությունյանը ով մասնագիտությամբ բժիշկ է:

Նրա խոսքով՝ թեև թերսնված էին, հոգնած, բայց պայքարի նպատակը առավել քան վեհ էր։

«Թերսնված ու ցածր իմունիտետով պայքարում էինք, որովհետև մենք որոշել էինք չհանձնվել և ապրել մեր հողում:

Իսկ առհասարակ, շատ եմ կարոտում Արցախը՝ իմ ծննդավայրը, որտեղ կան իմ մանկության հուշերը, վանքերը, եկեղեցիները և հրաշք բնությունը: Երազում հաճախ եմ լինում ինձ ծանոթ վայրերում, երբեմն զգում եմ, որ երազ է, բայց չեմ ուզում աչքերս բացել ու արթնանալ քնից: Երբեմն երազիս վերապրում եմ պատերազմը, տեսնում այրվածքներ ստացած վիրավորներին»,- շարունակում է Սվետլանան։

Արցախցի բժիշկն իր երազներում էլ է անընդհատ կռվում, նրա կռիվները անավարտ ելքով են։

«Սեպտեմբերի 17-ին հերթապահության էի հիվանդանոցում, իսկ սեպտեմբերի 19-ին եղբորս աղջկա ծննդյան օրն էր: Մտքումս անընդհատ վերլուծում էի, թե ինչպես պետք է հասցնեմ գնալ գյուղ, եթե չկա վառելիք... Այդ օրը զանգեցին՝ մեքենա կար դեպի գյուղ գնացող, առանց վարանելու հերթապահությանս օրը փոխեցի:

Սեպտեմբերի 19-ին գյուղում էի, բոլորս տարեդարձի եռուզեռով էինք զբաղված և առաջին բարձր ու մոտ տեղից լսվեց կրակոցների ձայները...

Կյանքում առաջ անգամ էի լսում «պատերազմի ձայնը» այդպես մոտիկից։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ես բժշկական համալսարանի ուսանող էի և Արցախում չէի...

Սեպտեմբերի 19-ին միանգամից ընդհատվեց հեռախոսային կապը:

Ես իմ տեղը չէի գտնում, փորձում էի ելքեր գտնել, թե ինչպես գնալ հիվանդանոց, որովհետև կարծում էի, որ ՀԲԿ-ն հաստատ կարիք ունի բուժանձնակազմի: Սակայն այդպես էլ կապ չկար: Իսկ փեսացուս բարձրաստիճան սպա է, ում մասին 2 օր նորություն չունեի, բայց զգում էի, որ ողջ է:

Մենք գյուղում կապ չունենալու պատճառով անհետ կորած էինք, ոչ ոք չգիտեր որտեղ ենք։

Ընթացքում մեզ գյուղից տարհանեցին, գնացինք այլ գյուղ, այնտեղից էլ իջանք Հերհեր գյուղ: Երբ կրակոցների ինտենսիվությունը թուլացավ, իսկ հետո էլ ձայներ չէինք լսում, մտածեցի՝ հրադադար է, բայց չէի պատկերացնում ինչ ելքով: Գյուղում ասում էին, որ Կարմիր Շուկայով դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակ է: Սեպտեմբերի 21-ին որոշեցի, որ քայլելով պետք է գնամ Ստեփանակերտ, տեղյակ չէի, որ դեպի Ստեփանակերտ տանող մյուս ճանապարհը (Ննգի-Ստեփանակերտ) ևս փակ է: Եղբայրս ինձ ուղեկցեց, ճանապարհին ծանոթ հրամանատարի մեքենա տեսանք, մեզ մինչև Ճարտար գյուղ բերեց, հետո քայլեցինք մինչև Մարտունի, ճանապարհին պարզ դարձավ, որ դեպի մայրաքաղաք տանող բոլոր ճանապարհները փակ են: Գնացի Մարտունու ՇԲԸ, տեսա կոլեգաներիս, ուրախ էի, որ ինչ-որ չափով կարող էի օգտակար լինել: Հաջորդ օրը Կարմիր խաչի մեքենաներով վիրավոր զինվորներին տեղափոխեցինք ՀԲԿ։

Սեպտեմբերի 23-ին Կարմիր խաչի մեքենաներով գնացինք Մարտակերտ, որպեսզի այնտեղ էլ տեղափոխենք ծանր վիրավորում ստացած հիվանդներին: Ճանապարհը անցնում էր թուրքերի տեղադրած պոստերի միջով: Ճանապարհի սարսափելի տեսարանները չեմ մոռանում՝ լքված գյուղեր, լքված մեքենաներ՝ դռները բաց, շորերը գետնին թափած, ոչնչացած զինտեխնիկաներ, որոնք դեռ ծխի մեջ էին: Մտածում էի, որ չէին հասցրել գյուղը լքել: Մարտակերտից տեղափոխվելիս ծանր վիրավորներից մեկին միացված էր թթվածնին, ճանապարհին թթվածնի սարքում վերջացավ թթվածնի քանակը և ամբողջ ճանապարհին ես ու բուժակ Հարութը, ով ինձ համար հաճելի բացահայտում էր, օգնեց միասին թթվածին տալով (AMBU տդփ) հասցնել ՀԲԿ»,- հիշում է բժիշկը։

26-ամյա բժիշկը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից է, հիմա Երևանում է ապրում։ Ասում է՝ հիշողություններն ու կարոտը հանգիստ չեն տալիս.

«Անընդհատ մտքիս մեջ վերհիշում էի մայրիկիս պատմածները՝ սումգայիթյան դեպքերից հազիվ են փրկվել: Մտածում էի՝ երևի հայի ճակատագիրն է, ապրել ու արարել, բայց անցնել գոյութենական պայքարի միջով: Ուղղակի գաղթի ճանապարհի միջոցներն ու անվանումներն էին փոխվել՝ Դեր Զորի ճանապարհը փոխարինվել էր Հակարիի կամրջով, իսկ ձիերը՝ մեքենաներով: Դուրս գալուց հույս ունեի, որ շուտով վերադառնալու եմ, խնամքով վերցրեցի աշխատասենյակիս ու տան բանալիները:

Մարդկային մի ամբողջ կյանք ու մանկություն եմ թողել Արցախի իմ հայրական տան փակված դռների հետևում»,- եզրափակում է Արցախից բռնի տեղահանված բժիշկը։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ
16:15 Քյար չկա՞. 5 օր է՝ մեքենան փակել է ճանապարհը, պարեկները չեն տեսնում