Ներքին 2 տարի առաջ - 09:15 25-10-2023

Երևանում բնակվող արցախցիները թաղապետարանների կողմից օգնություն չեն ստացել

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակվելուց և այն հայաթափելուց հետո, 100․000-ից ավելի արցախցիներ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում։

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ի տարբերություն մարզերում բնակություն հաստատած արցախցիների, մայրաքաղաքում պետության կողմից նրանց աջակցություն չի տրամադրվում, խոսքը Կառավարության կողմից տրամադրվող դրամական օգնության մասին չէ, այլ առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի և այլն։

Արցախի մայրիկների աջակցության կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս խնդրին և հարց բարձրացրել․
«Խնդրում եմ՝ արձագանքեն Երևանում բնակություն հաստատած տարհանվածները: Արդյո՞ք վարչական շրջաններից որևէ տեսակի օգնություն եք ստացել՝ նշելով ձեր վարչական շրջանը»։

Գրառման մեկնաբանությունները հաստատում են տեղեկությունը․ Երևանի որևէ վարչական շրջանում ապրող արցախցիները թաղապետարանների կողմից որևէ տեսակի աջակցություն չեն ստացել։

Oragir.News-ը կապ հաստատեց Մարիամ Աբրահամյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց․
«Քաղաքապետարանը հաշվառելու ընթացում նաև կարիքների գնահատում է իրականացում։ Բռնի տեղահանումից անցել է 1 ամիս և առաջնային կարիքների գնահատում, փաստորեն, իրականացվել է, բայց արցախցիներին աջակցություն տրամադրելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Դա նշանակում է, որ պետությունը ոչ մի միջամտություն չունի տարհանվածների առաջնային կարիքները բավարարելու ուղղությամբ, բացառությամբ 100․000-ականները, որն անընդհատ շահարկվում է»։

Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ պետությունը հույսը դրել է մասնավոր կազմակերպությունների ու ընկերությունների վրա․

«Պարզ է, որ մասնավոր ընկերությունները չեն կարող երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել։ Այստեղ շատ մեծ անելիք ունի պետությունը»։
Մարիամ Աբրահամյանն ասում է, որ ի տարբերություն Երևանի, մարզերում իրավիճակը սփոփելի է․

«Մարզերում աջակցություն ցուցաբերվել է տարհանվածներին, բայց պարզվում է, որ Երևանում բնակություն հաստատածներին որևէ տեսակի աջակցություն չի ցուցաբերվել, չնայած որ Կառավարությունը անընդհատ հորդորում է թաղապետարաններին այդ հարցերը լուծել»։