2000-ից ավելի Արցախից բռնի տեղահանվածներ ապաստանել են Շիրակի մարզում, նրանցից շատերը չեն կարողանում աշխատանք գտնել։ Մի դեպքում չկա իրենց հարմար աշխատանքի առաջարկ, մյուս դեպքում էլ առաջարկը կա, բայց աշխատավարձն է ցածր։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Մանթաշյանց գործարարների միության Գյումրիի մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրիի հայորդաց տան հետ համատեղ այսօր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ՝ Արցախից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար:
Հացթուխներ, վաճառքի մենեջերներ, մաքրուհիներ, ծրագրավորողներ, առաքիչներ, կարողներ, գրաֆիկ դիզայներներ, վարորդներ․ 20 գործատուներ ներկայացրել են 100-ից ավել թափուր աշխատատեղեր:

Նարինե Բալաբեկյանը Արցախի Մարտունի քաղաքից է բռնի տեղահանվել։ Մասնագիտությամբ դասվար է, ասում է՝ եկել է ոչ միայն իր համար աշխատանք գտնելու, այլ նաև հարսի և տղայի։
«Ինձ հարմար ոչինչ չգտա, տեխնոլոգիաների հետ է կապված, ես էլ այն տարիքում չեմ, որ ցանկությունս մեծ լինի նոր բան սովորելու։ Եկա հույսով, որ մի հարմար աշխատանք կգտնեմ։ Տղաս ու հարսս էլ են աշխատանք փնտրում։ Հարսս հաշվապահ է մասնագիտությամբ, տղաս Արցախում պայմանագրային զինծառայող է աշխատել։ Հիմա առաջնայինը աշխատանք գտնելն է, որ մնացած հարցերին էլ լուծում տանք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նարինե Բալաբեկյանը։
Արցախից մեկ այլ տեղահանված՝ Վարդուհի Հարությունյանն էլ ասում է՝ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, միայն թե կարողանա ապահովել ընտանիքի առաջնային ծախսերը։

Աշխատանքի տոնավաճառին ներկայացված առաջարկի մեջ գերակշիռ մասը ՏՏ ոլորտին է վերաբերում։ Գյումրիի Տեխնո-կրթական ակադեմիայի տնօրեն Կարեն Նիկողոսյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Եթե ունենում են փորձառություն, միանգամից վերցնում ենք աշխատանքի, եթե փորձ չունեն, դասընթացի են մասնակցում, ընդունում ենք աշխատանքի։ Տեխնո-կրթական ակադեմիայում նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձին է հավասարազոր, իսկ առավելագույնը մինչև 1․5 միլիոն դրամը»։
Աշխատանքի տոնավաճառի հիմնական նպատակն է՝ աշխատանքի տեղավորում և կրթական ծրագրերի իրականացում երեխաների համար: Այսինքն՝ հիմնական առաքելությունը գործարարի և աշխատանք փնտրողի միջև կապ ստեղծելն է։