Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ չի կարելի այդ մասին պարզապես չխոսել։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ նախքան օրակարգային հարցերին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018-ին, 2019-ին ու հետագայում էլ, մեր ընդդիմախոսներն ու չարախոսներն ասում էին՝ էս կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել: Մեր միջազգային գործընկերից ստացվող առաջին ազդակը հետևյալն է, ասում են՝ զարմացած ենք, թե ինչպես կարող է 3 օրում երկիր մտնել 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական, ու կառավարությունն ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ, միջնաժամկետ կարիքները հոգալ»:
Փաշինյանը նշեց, որ հստակ հայտարարություն է անում ևս մեկ հարցի մասին։ «Այն դեպքում, երբ ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա՝ որևէ պատճառով, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում, մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն ու աշխատեն ՀՀ-ում։
Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան բռնագաղթած է դուրս եկել ՀՀ-ից, այս պահի դրությամբ մոտ 2500 մարդ է դուրս եկել։ Հույս ունեմ, որ նրանք շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու են»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ժողովրդագրության հետ կապված ծրագրեր ունեն, բնակարանի ապահովման հետ կապված ծրագրեր ունեն, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված ծրագրեր ունեն և զարգացման ամենատարբեր ծրագրեր․ «Մենք բոլոր այդ ծրագրորով ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց ՀՀ-ում մնալու հնարավորությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվեն։ Սա մեր քաղաքականությունն է»։